Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներում։
Ո՞րն է ընթացիկ իրավիճակը
ՀՀ դատախազության բացառիկ լիազորություններից է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի ներկայացումը, որի շրջանակում կարող են ներկայացվել գույքի, այդ թվում՝ բաժնեմասի, բաժնետոմսի, փայի բռնագանձման պահանջ:
Գործնականում առաջանում են իրավիճակներ, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման միջոցները հնարավորություն չեն տալիս գույքը, այդ թվում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության իրավունքը (բաժնեմաս, բաժնետոմս, փայ և այլ արժեթուղթ) որպես հայցի ապահովման միջոց հանձնել ժամանակավոր պետական կառավարման, այն դեպքերում, երբ չհանձնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի, այդ թվում բաժնեմասի, բաժնետոմսի, փայի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել պետության կամ հասարակության գույքային կամ ոչ գույքային շահերին:
Ներկայացված խնդիրները գործնականում լուծելու հնարավորություն գործող օրենսդրությամբ նախատեսված չէ:
Ի՞նչ է առաջարկվում
Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան պետության (համայնքի) գույքային շահերի պաշտպանության հայցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով՝ գույքը, այդ թվում՝ բաժնեմասը, բաժնետոմսը, փայը հանձնել ժամանակավոր պետական կառավարման, այն դեպքերում, երբ չհանձնելը կարող է.
- անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը,
- հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի, այդ թվում՝ բաժնեմասի, բաժնետոմսի, փայի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության,
- կամ էական վնաս հասցնել պետության կամ հասարակության գույքային կամ ոչ գույքային շահերին:
Բացի այդ, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով նախատեսված չէ լիազորություն, որը հնարավորություն կտա Պետական գույքի կառավարման կոմիտեին իրականացնել գույքի կառավարում այն դեպքերում, երբ այն հանձնվում է պետության ժամանակավոր կառավարմանը՝ որպես կիրառված հայցի ապահովան միջով:
Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացում և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով նախատեսել լիազորություն, որը հնարավորություն կտա Պետական գույքի կառավարման կոմիտեին իրականացնել ժամանակավոր պետական կառավարում պետության (համայնքի) գույքային շահերի պաշտպանության հայցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, որպես հայցի ապահովման միջոց, իրենց հանձնված գույքերով:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել լրացումներ, որոնք հնարավորություն կտան պետության (համայնքի) գույքային շահերի պաշտպանության հայցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով գույքը, այդ թվում՝ բաժնեմասը, բաժնետոմսը, փայը, որպես հայցի ապահովման միջոց, հանձնել ժամանակավոր պետական կառավարման, երբ այն չհանձնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի, այդ թվում՝ բաժնեմասի, բաժնետոմսի, փայի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել պետության կամ հասարակության գույքային կամ ոչ գույքային շահերին:
Միաժամանակ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի համար նախատեսել լիազորություն, որը հնարավորություն վերջինիս իրականացնել որպես հայցի ապահովման միջոց պետության (համայնքի) գույքային շահերի պաշտպանության հայցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով՝ գույքի, այդ թվում՝ բաժնեմասի, բաժնետոմսի, փայի ժամանակավոր պետական կառավարումը:
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ նշված՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում ծագած խնդիրների վերհանման և գույքագրման անհրաժեշտությունից:
Օգտագործված լուսանկարը վերցված է ինտերնետային աղբյուրներից