2026 թվականի հունիսի 12-ին Երևանի կայազորի զինվորական դատախազությունից Երևանի քրեական դատարան է մուտքագրվել պետությանը էական վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործը։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության նախկին պետ Ա․Ա․-ն ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել՝ առանց բավարար հիմքերի անհայտ կորած զինծառայողի վերաբերյալ տվյալներ ներկայացնելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Արդյունքում զինծառայողի կինը ճանաչվել է շահառու և նրան անհիմն վճարվել է ընդհանուր 3,6 մլն դրամ։ Գործը նույն օրը մակագրվել է Մուշեղ Արամյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից
Դեպքի հանգամանքները
Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարարի 36.10.2019թ֊ի թիվ 1367- L հրամանով սահմանված ՀՀ ՊՆ ԶՄՍՊ և ՎՀԳ վարչության կանոնադրության համաձայն՝ պարտավոր լինելով ապահովել ՀՀ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիմքերի ուսումնասիրումը, կարգավիճակի որոշումը, շահառուների հաշվառումը, հատուցման գործերի կազմումը և հատուցման գումարների վճարումը սահմանված կարգով և չափերով իրականացնելու նպատակով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ներկայացումը, ինչպես նաև ՀՀ կառավարության 24.12.2020թ֊ի թիվ 2180-Լ որոշման 8-րդ կետով նախատեսված կարգով պարտավոր լինելով ամփոփել և ճշգրտել անհայտ կորած զինծառայողների անվանացուցակը ու ճշգրտված անվանացուցակը տրամադրել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին, ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ․
Այն է՝ 2021 թվականի հունվարի 21-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայությունից ստանալով Ա․Գ․-ի’ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ցուցակներով չանցնելու վերաբերյալ տեղեկատվություն, առանց որևէ հիմքի, վերջինիս որպես անհայտ կորած զինծառայողի վերաբերյալ տվյալները, 2021 թվականի հունվարի 21-ին ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության վետերանների հարցերով գլխավոր վարչությունից ուղարկել է զինծառայողների ապահովագրական հիմնադրամ, որի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս՝ Ա․Գ․-ի կինը՝ Դ․ Վ․-ը ճանաչվել է անհայտ կորած զինծառայողների հիմնադրամի շահառու անձ և 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զինծառայողների ապահովագրական հիմնադրամից Դ․Վ․-ին անհիմն փոխանցվել է ընդանուր 3.600.000 ՀՀ դրամ:
Բացի այդ, Ա․Ա․-ը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1150-Ա հրամանի հիմքով 06.07.2020թ֊ից զբաղեցնելով ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որը պետությանն անզգուշությամբ պատճառել է ծանր հետևանք:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/ և 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: