
Կողմերից ոչ մեկը «փոխըմբռնման հուշագրի» մանրամասնությունները չի բացահայտել։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը «պարտավորվել է երբեք միջուկային զենք չունենալ»։ Թե ինչպես է լուծվելու Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցը, որևէ հստակություն առայժմ հայտնի չէ։
Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահը թվարկել է այն երկրներին, որ նպաստել են Իրանի հետ «համաձայնությանը»։ Այդ շարքում Ռուսաստանը և Չինաստանը բացակայում են, ինչից հետևում է, որ իրանա-ամերիկյան կարգավորմանը Մոսկվան և Պեկինը չեն ներգրավվել։
Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև «Բիբիի»՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, հետ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը այդ առթիվ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին «երախտագիտություն է հայտնել, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, կսահմանափակի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցությունը»։
Իրանա-ամերիկյան «փոխըմբռնման հուշագիրը» Թեհրանի համար նման պարտավորություններ իրոք նախատեսո՞ւմ է, թե՞ Իսրայելի վարչապետը այդ հաղորդագրությունը տարածել է, որպեսզի ներքին ճնշումներից ապահովագրվի, դժվար է կողմնորոշվել։
Առհասարակ որևէ վստահություն, որ Իրանը և Միացյալ Նահանգները կիրակի օրը կամ մոտ ապագայում պատերազմին վերջ տալու մասին փաստաթուղթ կստորագրեն, ոչ ոք չունի։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Միացյալ Նահանգներին քննադատել է «անսկզբունքայնության» համար և ասել, որ փաստաթղթի համաձայնեցումը հետաձգվել է այդ պատճառով։
Գլխավոր խոչընդոտը, որ կարող է ծագել, Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդի համաձայնության հետ կապված հարցն է։ Չնայած տարածված տեղեկությանը, որ Մոջթաբա Խամենեին «արտոնել է համաձայնագրի ստորագրումը», դեռևս պաշտոնական հայտարարություն այդ մասին չի տարածվել։