Ապատեղեկատվությունից մինչև արհեստական բանականություն․ ինչ ռիսկեր են տեսնում մասնագետները․ Վարդուհի Անանյան

Տեղեկատվության խաթարման հիմնական ձևերն ունեն տարբեր նպատակներ և ազդեցություններ, ուստի պահանջում են տարբեր արձագանքման մեխանիզմներ։ Դրանք միտված են մոլորեցնելու հանրությանը, սակայն հաճախ հասարակության կողմից չեն տարբերակվում։ Կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվությունը տարածվում է առանց դիտավորության՝ վնաս պատճառելու կամ մոլորեցնելու նպատակ չունենալով։ Այն սովորաբար տարածվում է գիտելիքի պակասի, թարգմանական սխալի կամ աղբյուրի անճշտության պատճառով և չի ենթադրում կանխամտածվածություն։

Ի տարբերություն կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության՝ ապատեղեկատվությունը կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է, որը դիտավորյալ ստեղծվում և տարածվում է՝ մոլորեցնելու, ազդեցություն գործելու կամ որոշակի շահեր առաջ մղելու նպատակով՝ հաճախ կազմակերպված արշավների շրջանակում։ Տեղեկատվության խաթարման մեկ այլ դրսևորում է իրականության չարամիտ տարածումը, երբ իրական տեղեկությունը դիտավորյալ օգտագործվում է վնաս պատճառելու համար՝ ներկայացվելով համատեքստից դուրս կամ հրապարակվելով անձնական և գաղտնի տվյալների հետ միասին։

Տեղեկատվության խեղաթյուրման այս դրսևորումներն ակտիվանում են հատկապես նախընտրական շրջաններում՝ տարբեր միջոցներով, ինչպես առցանց, այնպես էլ առերես շփումների միջոցով։ Մեդիա հարթակներում և սոցիալական ցանցերում արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ դրանք դարձել են ավելի համոզիչ, պատկերավոր և ազդեցիկ, և հաճախ նույնիսկ փորձագետների համար առաջին հայացքից դժվար է լինում տարբերակել դրանք։

Տեղեկատվության խեղաթյուրման թիրախները ևս տարբեր են՝ կախված տարիքից, զբաղվածությունից, հետաքրքրություններից և բնակության վայրից։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին հատկապես ակտիվացել են միմյանց հակազդող խոսույթները։

«Լոռի» ՀԸ տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը, ով ավելի քան 30 տարի աշխատում է լրատվական ոլորտում, նշում է, որ թվում էր՝ արհեստական բանականությունը, գալով մեր կյանք, միայն դրական փոփոխություններ է բերելու, սակայն այսօր այն հաճախ դարձել է ապատեղեկատվության ստեղծման հիմնական գործիքներից մեկը։

Ըստ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյանի՝ այս շրջանում ապատեղեկատվությունը Հայաստանում բավականին տարածված է։ Այն հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերով և վերաբերում է թեկնածուներին, ընտրական գործընթացներին ու քաղաքական ուժերին, սակայն անմասն չեն մնում նաև հեռուստաընկերությունները։

«Ապատեղեկատվությունը հիմնականում ստեղծվում և տարածվում է քաղաքական շահեր ունեցող խմբերի, կեղծ կամ անանուն էջերի, տարբեր մեդիա ռեսուրսների, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից։ Այս շրջանում այն սովորաբար օգտագործվում է քաղաքական ազդեցություն գործելու կամ հանրային կարծիք ձևավորելու նպատակով։ Նկատելի են նաև այնպիսի դեպքեր, երբ տեղեկատվության ստուգումը չափազանց դժվար է կամ նույնիսկ անհնար, քանի որ հանրային դաշտ են նետվում ակնհայտ անիրատեսական թեզեր և լուրեր»։

Արբակ Սարգսյանի խոսքով՝ ապատեղեկատվության ազդեցությունը շատ մեծ է։ Այն կարող է ձևավորել անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ, ազդել մարդկանց քաղաքական դիրքորոշումների վրա կամ նույնիսկ ստիպել հրաժարվել ընտրություններին մասնակցելուց։ Նրա կարծիքով՝ ազդեցությունը հատկապես վտանգավոր է փոքր համայնքներում, որտեղ տեղեկատվությունը արագ է շրջանառվում «խոսակցությունների մակարդակում»։

Ընտրողները ոչ միշտ են կարողանում տարբերակել տեղեկատվության հավաստիությունը, հատկապես նախընտրական շրջանում, երբ մեծ ծավալով և արագ տեղեկատվություն է տարածվում։ Շատերը տեղեկատվությունը գնահատում են ոչ թե աղբյուրի վստահելիությամբ, այլ նրանով, թե ով է այն տարածել՝ ծանոթ, հեղինակություն վայելող անձ, քաղաքական գործիչ կամ հայտնի էջ։

Նարինե Ավետիսյանի խոսքով՝ արհեստական բանականության միջոցով ստեղծվող բովանդակությունը շատ հեշտ է ընդունվում հանրության կողմից, հատկապես փոքր համայնքներում։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ որքան փոքր է համայնքը, այնքան ավելի խոցելի է բնակիչը, իսկ որքան մեծ է մարդու տարիքը, այնքան մեծանում է ապատեղեկատվության ազդեցության վտանգը։ Նրա համոզմամբ՝ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ, այն առկա է ամբողջ աշխարհում։

«Ուսումնասիրելով և՛ համացանցը, և՛ հեռուստաեթերը՝ բախվում եմ դաժան իրականության։ Ամեն օր տասնյակ կեղծ օգտահաշիվներ են ստեղծվում, պատրաստվում են կարճ տեսանյութեր՝ ռիլեր և շորթեր, որոնք կրկին որպես գործիք ծառայեցնում են զեղծարարներին և ապատեղեկատվություն տարածողներին։ Ցավով պետք է նշեմ, որ դրանց մեծ մասը, հավանաբար, ստեղծվում է ոչ թե Հայաստանում, այլ հետխորհրդային երկրներում՝ հնարավոր է Ռուսաստանում կամ Բելառուսում»։

Նրա համոզմամբ՝ կեղծ տեղեկատվությունը հիմնականում ստեղծվում է շահի համար՝ որևէ գաղափարի կամ քաղաքական ուժի դեմ կամ օգտին, և ուղղակիորեն ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա․ «Նախընտրական շրջանում ստուգված փաստերի վրա հիմնված տեղեկատվությունը և թափանցիկ լրագրությունը, ցավոք, հաճախ զիջում են կեղծ տեղեկատվությանը, քանի որ վերջինս շատ արագ է տարածվում, իսկ համացանցային գովազդը համեմատաբար էժան է։ Բնակիչները, ցավոք, հաճախ տրվում են ապատեղեկատվության ազդեցությանը։ Հայաստանում դեռևս չկա այնպիսի օրենսդրություն, որը կկարգավորի համացանցային բովանդակությունը։ Հեռուստաեթերը կարգավորված է, գործում են էթիկական կանոններ, և այսօր շարժվում ենք դեպի այն, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունենա իր օմբուդսմենը։ Այս առումով դաշտը զարգանում է, սակայն համացանցային միջավայրը շարունակում է մնալ լուրջ խնդիր»։

Լոռու մարզում, ըստ մասնագետների, ամենատարածված ապատեղեկատվությունները կապված են անձանց հետ։ Նարինե Ավետիսյանի կարծիքով՝ հասարակությունը նման տեղեկությունները հաճախ ոչ թե անտեսում, այլ նույնիսկ խրախուսում է․ «Իշխանություններին խոցելի դարձնելու նպատակով հաճախ տարածվում են ադրբեջանական նարատիվներ։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները փորձում են առաջ տանել խաղաղության օրակարգը, սահմանին երկար ժամանակ է, ինչ կրակոցներ չկան, միևնույն է, մեր հասարակության ինստիտուցիոնալ հիշողությունը դեռևս չափազանց զգայուն է հարևան ժողովրդի նկատմամբ»,-ասել է նա։

Արբակ Սարգսյանը հավելում է, որ Լոռու մարզում տարածվող ապատեղեկատվությունները հիմնականում վերաբերում են թեկնածուների անձերին, քաղաքական պայմանավորվածություններին և ընտրական գործընթացների նկատմամբ անվստահություն ձևավորելու փորձերին․ «Շրջանառվում են նաև չստուգված տեղեկություններ թեկնածուների ենթադրյալ կապերի կամ հովանավորների մասին, համայնքային ծրագրերի և ֆինանսների շուրջ մանիպուլյատիվ մեկնաբանություններ ու հայտարարություններ։ Տարածվում են նաև կեղծ տեղեկություններ ընտրությունների արդյունքների կամ մասնակցության վերաբերյալ»։

Օրեցօր աճող ապատեղեկատվության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը, ըստ Արբակ Սարգսյանի, տեղեկատվական և մեդիագրագիտության բարձրացումն է։ Նա կարևորում է նաև արագ և փաստարկված արձագանքը, անկախ մեդիայի, փաստերի ստուգմամբ զբաղվող հարթակների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը։

Նարինե Ավետիսյանի կարծիքով՝ այս պահին միակ արդյունավետ միջոցը ճշմարիտ տեղեկատվության ավելի մեծ ծավալի արտադրությունն ու տարածումն է․ «Մենք փորձում ենք դա անել՝ թեկուզ փոքր ծավալներով։ Հերոսների պատմությունների միջոցով փորձում ենք խոսել խնդիրների մասին՝ նպատակ ունենալով ստեղծել և տարածել ճշմարիտ տեղեկատվություն»։

Ամփոփելով թեման՝ կարելի է նշել, որ կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունը և իրականության չարամիտ տարածումը ժամանակակից տեղեկատվական միջավայրի ամենալուրջ մարտահրավերներից են։ Հատկապես ընտրական գործընթացների ընթացքում դրանք կարող են էական ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձևավորման վրա։ Այդ պատճառով տեղեկատվության ստուգումը, մեդիագրագիտության զարգացումը և պատասխանատու լրագրությունը շարունակում են մնալ ժողովրդավարական հասարակության կարևորագույն պաշտպանական մեխանիզմները։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Վարդուհի Անանյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն»  հիմնադրամի տեսակետները։

Օգտագործված լուսանկարը վերցված է ինտերնետային աղբյուրներից

Leave a Comment