ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրի հիմնական բաժինները մոտ են ավարտին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրի հիմնական բաժինները մոտ են ավարտին, իրանական պետական Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մեր երկրում որոշումների ընդունման գործընթացը լիովին թափանցիկ է եւ հստակ կարգավորված։ Իրավասու պետական մարմինները պետք է մանրակրկիտ քննարկեն եւ համաձայնեցնեն տեքստի յուրաքանչյուր կետը եւ ցանկացած հնարավոր պայմանավորվածություն։ Հենց վերջնական որոշում կայացվի, մենք անպայման դրա մասին պաշտոնապես կհայտարարենք»,- նրա խոսքերն է մեջբերում ԻՌՆԱ գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները։

«Հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ստացել են հավանություն, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Leave a Comment