ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով ՀԾԿՀ-ին 2025 թվականին տրամադրվել է 1 մլրդ 191.2 մլն դրամ: Փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 102.7 մլն դրամ կամ հաստատված բյուջեի 92.6 տոկոսը:
Հաստատված բյուջեի 78.8 տոկոսը կազմել են աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները, 13.8 տոկոսը՝ հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ ծախսերը: Չիրացված 7.4 տոկոսը վերադարձվել է պետական բյուջե:
Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ազատականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ էներգետիկ անկախության ապահովմանն ուղղված միջոցառումները, խոսել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների՝ օգտագործվող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի թիրախային ցուցանիշների եւ ոլորտային այլ ծրագրերի մասին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի խոսքով հաշվետու ժամանակահատվածում գերատեսչության ճշտված բյուջեն կազմել է 24,2 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 16, 6 մլրդ դրամ:
Փոխնախարարը մանրամասն ներկայացրել է 2025 թվականի ընթացքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Նշվել է, որ ՏՏ ոլորտի պետական աջակցության համար նախատեսվել է 29 մլրդ դրամ, ճշտված բյուջեն եղել է 13,4 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 8,9 մլրդ դրամ:
Որպես նոր նախաձեռնություն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման համար տրամադրվել է 65,6 մլն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: 2026 թվականի ավարտական փուլի համար հատկացվել է 18,7 մլն դրամ:
Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր, որի բյուջեն կազմել է 3 մլրդ 978 մլն դրամ: Միջոցների զգալի մասը հատկացված է եղել հիմնական աշխատավարձային ֆոնդի սպասարկմանը: Մնացորդային գումարն ուղղվել է ընթացիկ ծախսերին: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մանրամասնել է թվայնացման աշխատանքների եւ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ իրականացված ծրագրերը:
Սկսած 2025 թվականից կոմիտեն այլեւս թղթային փաստաթուղթ չի ընդունում քաղաքացիներից, պարզեցվել են էլեկտրոնային համակարգով դիմումների ընդունման ընթացակարգերը:
Բարեփոխումների շարքում գերատեսչության ղեկավարը նշել է նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի էլեկտրոնային թվային ստորագրության կարգում, դատական համակարգերից ստացվող անշարժ գույքին վերաբերող վճիռների մասով կարգավորումները, «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված բարելավումները:
Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարաններում որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ են կատարվել: Կադաստրային քարտեզների ուղղման օրենսդրական նախագիծ է մշակվել, որով գործընթացի առավել պարզեցված ընթացակարգեր կսահմանվեն: Շարունակվել են նոր գեոպորտալի մշակմանն ու ներդրմանն ուղղված աշխատանքները:
Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աննա Պետրոսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին պետբյուջեից հանձնաժողովին տրամադրվել է 592,9 մլն դրամ, ճշգրտված բյուջեն եղել է 594,3 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը նշանակել է շուրջ 1 մլրդ 940 մլն դրամի չափով տուգանք, որից հավաքագրվել է 1 մլրդ 830 մլն դրամը:
Քաղաքաշինության կոմիտեին հատկացված է եղել 3 մլրդ 520 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 390 մլն դրամ կամ 96.3 տոկոս: