Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազդարարման համակարգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը, կատարելագործումը եւ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ազդարարման համակարգի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է ներքին ազդարարման իրավասու մարմինների ցանկն ընդլայնել՝ ներառելով նաեւ 50 եւ ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները:

«Ազդարարում» հասկացության մեջ ընդգրկվում են նաեւ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:

Առաջարկվում է օրենքով նախատեսել արտաքին ազդարարման հաղորդումներ ընդունելու մեկ մարմին: Ներքին ազդարարման իրավասու մարմինները պարտավորվում են ստեղծել ներքին ազդարարման ուղիներ եւ ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը եւ հաղորդումների պատշաճ, անաչառ քննությունը:

Արտաքին ազդարարումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով: Ներքին ազդարարումն այլեւս չի իրականացվելու անմիջական վերադասին:

Հստակեցվում է ազդարարի պաշտպանության հարցերով զբաղվող մարմինը, ինչպես նաեւ պաշտպանության միջոցները տրամադրող մարմինը: Թեթեւացվում է ազդարարի բարեխղճորեն գործելու պարտականությունը. նա այլեւս չի կատարի տրամադրվող տեղեկության նախնական ստուգման պարտականությունը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է որոշ առաջարկներ եւ դիտողություններ, այնուհետեւ գործընկերներին առաջարկել կողմ քվեարկել փաթեթին:

Փաթեթը քննարկվել է հունիսի 11-ին եւ արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Leave a Comment