2026 թվականի հունիսի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել պայմանագրային զինծառայող Մ․Մ․-ի վերաբերյալ քրեական գործը։ Ըստ մեղադրանքի՝ նա ընդունել է ընտրակաշառք ստանալու առաջարկ՝ իր և ընտանիքի անդամների կողմից «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար։ Գործը նույն օրը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։
Մեղադրական եզրակացությունը
Մ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ուսումնական կենտրոնի պայմանագրային զինծառայող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Վ․Ս․-ից ընդունել է ընտրակաշառք ստանալու առաջարկ՝ իր և իր ընտանիքի՝ ընտրական իրավունք ունեցող անդամների կողմից ՀՀ նախագահի 2026 թվականի փետրվարի 6-ի թիվ ՆՀ-21-Հ հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի 9-րդ գումարման ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Մ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 1-ին մասով։