Գորիսի քաղաքապետն աշխատանքից ազատել է ՔՊ-ի հաղթանակը չապահոված պաշտոնյաներին. ԶԼՄ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն աշխատանքից ազատել է մի շարք ենթակաների, որոնք չեն կարողացել ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում, հայտնել է «Հրապարակ» թերթը։ 

Պարբերականի տվյալներով՝ աշխատանքից զրկվել են քաղաքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, խորհրդական Կարեն Ջավահիրյանը, օգնականը և Խնձորեսկի վարչական ղեկավարը։

Աղբյուրները նշում են, որ Առուշանյանը տեղամասերում նշանակել էր պատասխանատուներ, որոնք վստահեցրել էին, թե իշխող կուսակցությունը բարձր արդյունքներ է գրանցելու, սակայն ընտրությունների քվեարկության պատկերը մեծ անակնկալ է դարձել։

Թերթի տեղեկություններով՝ կադրային հեռացումները կրելու են շարունակական բնույթ, և քաղաքապետը մտադիր է պատժել բոլոր նրանց, ովքեր թերի են կատարել իրենց առջև դրված խնդիրը։

Leave a Comment