Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս ՄԱԿ և ԵՄ կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (համապատասխանաբար՝ UN Laissez-Passer և EU Laissez-Passer) կրող անձանց համար գործում է ՀՀ մուտքի վիզային ռեժիմ։
Նշված ճամփորդական փաստաթղթերը տրամադրվում են ՄԱԿ և ԵՄ կառույցներում պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ճամփորդելու նպատակով։ Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր։ Նշված տեսակի ճամփորդական փաստաթղթեր կրող անձինք ՀՀ այցելելու համար ստանում են դիվանագիտական կամ ծառայողական տեսակի անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։
2025թ. հուլիսի 1-ից ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրների այն քաղաքացիները, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է:
Այս համատեքստում, երբ խոսքը գնում է ամենահեղինակավոր և կարևոր միջազգային կազմակերպության՝ Միացյալ ազգերի կազմակերպության և տարածաշրջանի քաղաքական և տնտեսական խոշորագույն միության՝ Եվրոպական Միության մասին, ապա վերջիններիս կողմից տրված ծառայողական ճամփորդական փաստաթղթերը նույնպես ավելի քան բավարար հիմք են՝ նույն քաղաքականությունը կիրառելու և առանց մուտքի վիզային ռեժիմ սահմանելու համար։
Բացի այդ, 2026թ. Հայաստանի Հանրապետությունում նախատեսված COP17 համաժողովի անցկացմանն ընդառաջ ակնկալվում է ԵՄ և ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների՝ ՀՀ այցերի հաճախակիացում:
ՄԱԿ քարտուղարությունում և այլ մարմիններում պարբերաբար շրջանառվում են պետությունների ցանկեր, որտեղ նշված են երկրների երկու խմբեր՝ ՄԱԿ ճամփորդական փաստաթղթով մուտքի վիզայի պահանջը վերացրած և չվերացրած:
ՄԱԿ ճամփորդական փաստաթղթի կիրառումը նախատեսվում է «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Նյու Յորքի 1946թ. կոնվենցիայով, ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների կողմից դիվանագիտական ճամփորդական փաստաթղթի կիրառումը` «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Նյու Յորքի 1947թ. կոնվենցիայով, իսկ ԵՄ դիվանագիտական ճամփորդական փաստաթղթի կիրառումը՝ «Եվրոպական միության արտոնությունների և անձեռնմխելիության մասին» արձանագրությամբ (№ 7)։
Կարգավորմաննպատակը.
Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում։
Նախագծիմշակմանգործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունք.
Եվրոպական Միության և Միավորված ազգերի կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների խորացման տեսանկյունից վիզային ռեժիմի վերացումը կարող է դիտվել որպես հաջորդական և կարևոր քայլ՝ նպաստելու բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ԵՄ և ՄԱԿ աշխատակիցների շրջանում ՀՀ դրական իմիջի ամրապնդմանը և վերջիններիս մոտ ՀՀ այցելելու գրավչության բարձրացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 7-րդ և 13-րդ կետերից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«UN Laissez-Passer» և «EU Laissez-Passer» ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր։ Ներկայումս նշված տեսակի ճամփորդական փաստաթղթեր կրող անձինք ՀՀ այցելելու համար ստանում են դիվանագիտական կամ պաշտոնական մուտքի վիզաներ՝ անվճար՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Ուստիև, Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա: