Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նախագծերի նպատակն է փոխկապակցել և հստակեցնել երկու օրենքների դրույթները, որոնք վերաբերում են ՀՀ զինանշանի օգտագործմանը և «այլ զորքեր» հասկացության սահմանմանը։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում խոսք է գնում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի կողմից ՀՀ զինանշանի պատկերի գործածման մասին, մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասում նշված է ՀՀ զինված ուժերի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և փրկարար ծառայության դրոշների մասին:
«Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «այլ զորքեր» հասկացությունն իր մեջ ներառում է սահմանապահ զորքերը, պետական պահպանության ծառայությունը, ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթները:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի» բառերը փոխարինել «այլ զորքերի» բառերով, հնարավորություն տալով ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել ոչ միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլ նաև ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների դրոշների վրա:
Միաժամանակ, առանց բովանդակային փոփոխության, առաջարկվում է նաև «Պաշտպանության մասին» օրենքում հստակեցնել «այլ զորքեր» հասկացությունը՝ սահմանելով, որ այլ զորքեր են հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և հատուկ նշանակության ստորաբաժանումները, ՀՀ պետական պահպանության ծառայությունը:
Նախագծերի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծերի ընդունման արդյունքում «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Պաշտպանության մասին» օրենքի դրույթերին, ինչպես նաև կհստակեցվեն «Պաշտպանության մասին» օրենքի դրույթները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից:
Նախագծերը չեն հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրինին։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: