ԲԴԽ-ն հայտնել է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվելիք որակավորման գրավոր քննության վայրը և օրը

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2026 թվականի հունիսի 23-ին ժամը 10։00-ին Երևանի պետական համալսարանի 4-րդ մասնաշենքի Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի 401 համակարգչային լսարանում (հասցե` ք. Երևան, Ալեք Մանուկյան 1):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի (այսուհետ՝ Լիազոր մարմին) մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և որակավորման գրավոր քննության անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր ոչ առևտրային կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ: (…):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 23-ին, ուստի ոչ առևտրային կազմակերպություններին առաջարկվում է մինչև սույն թվականի հունիսի 18ը ներառյալ համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):

Leave a Comment