Փոխվել է e-draft.am-ում իրավական ակտերի նախագծերին առաջարկ ներկայացնելու եղանակը

ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ սահմանված է հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը, որի շրջանակում նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում և քննարկվում են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 776-Ն որոշմամբ փոփոխվել է այդ հարթակում առաջարկ ներկայացնելու եղանակը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունից հետո e-draft.am հարթակում նախագծերի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու համար օգտատերերը պետք է մուտք գործեն ազգային նույնականացման «Ես եմ» հարթակի միջոցով։

Ինչպե՞ս էր մինչ այժմ

Մինչ փոփոխությունը ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք e-draft.am-ում հանրային քննարկման դրված նախագծի վերաբերյալ առաջարկներ էին ներկայացնում՝ նախապես գրանցվելով և նշելով անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը), էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, իսկ ցանկության դեպքում՝ նաև բնակության (գտնվելու վայրի) հասցեն և հեռախոսահամարը։

Ի՞նչ է փոխվում

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 776-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել 17-րդ կետի առաջին նախադասությունը։ Համաձայն դրա՝ e-draft.am-ում առաջարկ ներկայացնելու համար անձինք մուտք են գործում ազգային նույնականացման «Ես եմ» հարթակի միջոցով, որի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը) և սեռը գեներացվում են ինքնաշխատ եղանակով։ Էլեկտրոնային փոստի հասցեի լրացումը պարտադիր է, իսկ ցանկության դեպքում կարող են լրացվել նաև երկիրը (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ նաև մարզը), բնակության (գտնվելու վայրի) հասցեն և հեռախոսահամարը։

Անցումային դրույթ՝ նախկին օգտատերերի համար

Որոշմամբ սահմանվել է, որ դրա ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում e-draft.am-ում նախապես գրանցված օգտատերերը հնարավորություն կունենան համակարգ մուտք գործել ինչպես ազգային նույնականացման «Ես եմ» հարթակի, այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցեի և գաղտնաբառի միջոցով։

Ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Որոշման պաշտոնական հրապարակման օրը 2026 թվականի հունիսի 4-ն է։

Ի՞նչ է նշանակում

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 776-Ն որոշմամբ e-draft.am հարթակում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու համար նախկին գրանցման եղանակը փոխարինվում է ազգային նույնականացման «Ես եմ» հարթակով մուտքով, որի դեպքում օգտատիրոջ հիմնական տվյալները լրացվում են ինքնաշխատ։ Միաժամանակ, անցումային մեկամսյա ժամկետում նախկինում գրանցված օգտատերերը կարող են մուտք գործել նաև էլեկտրոնային փոստով և գաղտնաբառով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment