Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Հովիկ Աբրահամյանի և մյուսների գործի քննությունը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հովիկ Աբրահամյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող Կարեն Սուքիասյանը, պաշտպաններ Էմին Խաչատրյանը, Նարե Գրիգորյանը, Սմբատ Մինասյանը և Զորայր Կարապետյանը, մեղադրյալներ Հովիկ Աբրահամյանը, Բագրատունի Բարսեղյանը, Գրիգոր Գևորգյանը, Հենրիկ Աբրահամյանը և Հովհաննես Աբրահամյանը, ինչպես նաև տուժող Հասմիկ Հակոբյանը և համայնքի ներկայացուցիչը։ Պաշտպան Իրենիկ Սարգսյանը դատական նիստին չէր ներկայացել։

Դատարանը, հաշվի առնելով, որ բացակայող պաշտպանի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար, որոշեց շարունակել դատական նիստը նրա բացակայությամբ։

Նիստի ընթացքում վկա Հասմիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ է մասնակցում դատական նիստին և ցանկանում է դիրքորոշում հայտնել գործի նյութերի, մասնավորապես՝ վկաների ցուցմունքների վերաբերյալ։ Դատարանը պարզաբանեց, որ նման հայտարարությունների համար նախատեսված են համապատասխան դատավարական փուլեր, և այդ հնարավորությունը նրան կտրվի օրենքով սահմանված կարգով։

Նանաև խնդրեց հնարավորինս արագ կազմակերպել դատական նիստերը՝ նշելով, որ Երևանում բնակվելու իր ժամանակը սահմանափակ է։ Դատարանը պատասխանեց, որ գործի քննության ժամանակացույցը պայմանավորված է դատարանի, դատախազության և պաշտպանական կողմի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև առաջարկեց անհրաժեշտության դեպքում լիազորել պաշտպանին՝ հետագա նիստերին մասնակցելու համար։

Այնուհետև դատարանը ճշտեց մեղադրյալների և մյուս մասնակիցների ինքնությունը, անձնական տվյալները, ինչպես նաև պաշտպանների լիազորություններին վերաբերող հարցերը։ Քննարկվեց նաև պաշտպանական ներկայացուցչության հարցը, և արձանագրվեց, որ պաշտպան Նարե Գրիգորյանը համաձայնել է իրականացնել Գրիգոր Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի պաշտպանությունը, ինչին վերջիններս համաձայնություն տվեցին։

Դատարանում անդրադարձ կատարվեց նաև մեղադրական եզրակացությունների պատճենների տրամադրման հարցին։ Պարզվեց, որ որոշ մեղադրյալների և պաշտպանների չեն տրամադրվել հարակից քրեական գործերով մեղադրական եզրակացությունները։ Դատարանը հանձնարարեց հանրային մեղադրողին ապահովել համապատասխան փաստաթղթերի տրամադրումը դատավարության մասնակիցներին։

Այս հանգամանքով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց։

Leave a Comment