Չեմպիոնական մրցաշրջանի ոսկե ավագը. Էդուարդ Սպերցյան

07 Հունիսի 2026, 22:00

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Ստավրոպոլում, հայկական և գերմանական արմատներ ունեցող ընտանիքում։ Վաղ մանկությունից նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ, մարզվում էր ավագ եղբոր հետ: Նրա առաջին մարզիչը Մխիթար Դավիդյանն էր, ով նկատել է տղայի տաղանդը և առանձնահատուկ ուշադրություն դարձրել նրա անհատական պատրաստվածությանը։ Դեռ պատանեկան տարիներին Սպերցյանն աչքի էր ընկնում երկու ոտքով հավասարապես խաղալու կարողությամբ և իրենից տարիքով մեծ մրցակիցների հետ հաջող մրցակցելու հատկությամբ։

Տասը տարեկանում նա ընդունվել է «Կրասնոդար» ակադեմիա, որտեղ անցել է զարգացման բոլոր փուլերը՝ պատանեկան թիմերից մինչև ակումբի երկրորդ թիմ։ Ակադեմիան նրա համար դարձել է կարգապահության և պրոֆեսիոնալիզմի իսկական դպրոց։ 2018 թվականին նա նշել է նորամուտը «Կրասնոդար-2»-ի կազմում, իսկ 2020-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ «Խիմկի»-ի դեմ հանդիպմանը, որտեղ «Կրասնոդար»-ը տարել է ռեկորդային՝ 7։2 հաշվով հաղթանակ։ Նույն մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի խաղին՝ ընդդեմ «Չելսի»-ի, ինչը կարևոր հանգրվան է դարձել նրա կարիերայում։

2021/22 մրցաշրջանը բեկումնային է եղել նրա համար. Էդուարդը ամրապնդել է իր տեղը հիմնական կազմում, դարձել ակումբի լավագույն ռմբարկուն և երկրպագուների կողմից ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2022 թվականին նա ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով նույնիսկ Հենրիխ Մխիթարյանից։ 2022/23 մրցաշրջանում Սպերցյանը խփել է 10 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում՝ դառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը։ Նրա կարիերայի իրական հաղթարշավը դարձել է 2024/25 մրցաշրջանը, երբ «Կրասնոդար»-ը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը, իսկ թիմի ավագ Սպերցյանը դարձել է այդ «ոսկե» մրցաշրջանի գլխավոր հերոսը։

2021 թվականից նա հանդես է եկել Հայաստանի հավաքականում ՝ արագորեն վերածվելով նրա առաջատարի և երկրպագուների հույսի: Նրա գոլերն ու առաջատար որակներն ամրապնդեթ են թիմի դիրքերը միջազգային ասպարեզում։

Էդուարդ Սպերցյանի պատմությունը Ստավրոպոլի մի տղայի ճանապարհն է, որը տաղանդի, աշխատասիրության և իր ակումբին հավատարիմ մնալու շնորհիվ դարձել է «Կրասնոդար»-ի ավագը և հայկական ֆուտբոլի նոր սերնդի խորհրդանիշը։ Այսօր նա մարմնավորում է ոչ միայն իր ակումբի հաջողությունը, այլև Հայաստանի մարզական վերածննդի ձգտումը ։

Leave a Comment