Իրանցի ֆուտբոլիստները կկարողնան մուտք գործել ԱՄՆ՝ յուրաքանչյուր հանդիպումից մեկ օր առաջ․ Թաջ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ Իրանի ազգային հավաքականին արտոնվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակում թիմի յուրաքանչյուր դիմակայությունից մեկ օր առաջ։

Չնայած Իրանի հավաքականի կեցավայրը Մեքսիկայում է, իրանցի ֆուտբոլիստները խմբային փուլը հաղթահարելու բոլոր երեք հանդիպումներն էլ ԱՄՆ-ում են անցկացնելու։ Հունիսի 15-ին Լոս Անջելեսում նրանք կմրցեն Նոր Զելանդիայի, հունիսի 21-ին՝ նույն քաղաքում Բելգիայի և հունիսի 26-ին Սիեթլում՝ Եգիպտոսի դեմ։

Ավելի վաղ Մեքսիկայում Իրանի դեսպան Աբոլֆազ Փասանդիդեն հայտնել էր, որ հավաքականի ֆուտբոլիստները և տեխնիկական անձնակազմը պետք է Միացյալ Նահանգներ ժամանեն նախատեսված խաղի օրը՝ Մեքսիկայի կեցավայր վերադառնալով նույն օրվա ընթացքում։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, սակայն, իրանական կիսապաշտոնական ISNA-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ «նրանք մեր ազգային թիմին թույլ են տվել հանդիպումից մեկ օր առաջ մուտք գործել։

Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարության՝ ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու համար իրանցի մարզիկների և անձնակազմի վիզաներն արդեն տրամադրված են։ Չի նշվում, թե հանդիպումից հետո որքան ժամանակում իրանցիները պետք է լքեն երկիրը։

Սա պատմության առաջին Աշխարհի գավաթն է, երբ հյուրընկալող երկիրը կընդունի իր հետ պատերազմի մեջ գտնվող երկրի հավաքականի։

2026 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի գալիք շաբաթ։ Այն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Leave a Comment