Ձերբակալվել է կազմակերպության փոխնախագահը, որը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ տեղափոխման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նշված փաստական հանգամանքների հիման վրա Ա.Գ.-ն քննիչի որոշմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին:

Քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment