Ընտրական օրենսգրքի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով և ժամկետում ամփոփում ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
- 1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
- 2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
- 3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
- 4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
- 5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:
Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը
- Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:
- Եթե Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:
- Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
- Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:
- Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր հերթական ընտրություն: Նոր հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահը քվեարկության օրը նշանակելու մասին հրամանագիրն ընդունում է Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը:
Նոր հերթական ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
Ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շուրջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ` կազմված արգելապատնեշները հաղթահարած կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), եթե նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:
Նոր դաշինք կազմելու մասին դիմումը, ստորագրված նոր դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից, ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման ընդունումից հետո՝ մինչև 5-րդ օրը՝ ժամը 18.00-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Նշված դիմումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նոր դաշինք կազմելու մասին դիմում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում նոր դաշինքը համարվում է չձևավորված:
Եթե առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասին նոր դաշինք են կազմում, ապա ընտրության երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք: Այդ նոր դաշինքը կազմելու մասին դիմումը, ստորագրված դաշինքի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից, ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո՝ մինչև 7-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:
Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ստանում են լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
Ընտրության երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 54 տոկոսից պակաս մանդատ, ստանում է լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված կարգով: