ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակն անվավեր ճանաչելու մասին «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը: Դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նշենք, որ երեկ՝ 2026թ. հունիսի 4-ին, Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արամ Սարգսյանին «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հավանաբար, հետևելով վարչապետի հորդորին, այսօր՝ հունիսի 5-ին, Արամ Սարգսյանի թիմը դիմում է ներկայացրել ԿԸՀ:

ԿԸՀ-ում «Ուժեղ Հայաստանի» շահերը պաշտպանում է պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը, իսկ «Հանրապետություն» կուսակցության կողմից նիստին մասնակցում են Երևանու ավագանու անդամ, կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Գրիգոր Առաքելյանը։

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցել է 2026թ. մայիսի 3-ին:

«Հանրապետություն» կուսակցությունը դիմումում նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և դրա հետ փոխկապակցված անձանց կողմից, նրանց ուղղորդմամբ, թողտվությամբ, խթանմամբ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման և ընտրողների մոտ այլ եղանակով գույքային շահագրգռվածության ձևավորմանն ուղղված բազմաթիվ գործողություններ: Դրանք արձանագրվել և բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:

Ըստ «Հանրապետություն» կուսակցության՝ դաշինքի օգտին դրսևորվել են ընտրական գործընթացի և դրա արդյունքների նկատմամբ էական ազդեցություն գործադրելուն միտված արտաքին ազդեցության բազմաթիվ դեպքեր: Իսկ առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանը (գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին), որն, ըստ ցուցակի, վարչապետի թեկնածու է, քաղաքացիության հարցով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այդ փաստով կա նախաձեռնված քրեական վարույթ:

«Հանրապետություն» կուսակցության դիմումում որպես հիմնավորում նշված է, որ զանգվածային լրատվական դաշտում կան բազմաթիվ հրապարակումներ ապօրինի եղանակով Հայաստանի Հանրապետություն ներթափանցող «ահռելի քանակով դրամական միջոցների մասին, որոնք ենթադրաբար փոխկապակցվում են «Ուժեղ Հայաստան»-ի հետ»: Ըստ դիմումատու կուսակցության, դրանք ընտրական գործընթացների վրա ազդելու համար են եւ կասկածի տակ են առնում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դաշինքի ֆինանսական թափանցիկությունն ու ներգրավված արտաքին ֆինանսավորման աղբյուրները:

Դիմումին կցվել են գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդում, օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում հավաքված և հրապարակված՝ ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդագրություններ և նյութեր, ինչպես նաև տեղեկանք՝ միջազգային փորձի վերաբերյալ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment