ԵԱՏՄ շուկայից ԵՄ շուկա ճանապարհի մարտահրավերներն ու հնարավորությունները

Ռուսական շուկա հայկական մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումներից հետո Հայաստանի կառավարությունը փորձում է նոր հնարավորություններ գտնել եվրոպական շուկաներում։ Արդեն առաջին արդյունքները կան․ Լատվիայի և Եվրոպական միության աջակցությամբ հայկական ծաղիկների փորձնական խմբաքանակը հասել է եվրոպական շուկա, իսկ ԵՄ-ն խոստանում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցություն Հայաստանի առևտրի և արտահանման ոլորտներին։

Բայց արդյո՞ք Հայաստանի արտադրողները պատրաստ են ԵԱՏՄ շուկայից տեղափոխվելու եվրոպական շուկա։ Ի՞նչ խոչընդոտների կարող են բախվել նրանք, և ի՞նչ աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի հայկական արտադրանքը մրցունակ լինի Եվրամիությունում։ Այս հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։

ԵԱՏՄ-ից անցումը ԵՄ շուկա այնքան էլ հեշտ գործընթաց չի համարում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ և ԵՄ շուկաների որակական պահանջները մեծ տարբերություն չունեն, սակայն բիզնես մշակույթն է էապես տարբերվում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա շեշտում է, որ ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերը մեծ մասամբ չեն զիջում Եվրոպական միությունում կիրառվող չափանիշներին։

Մասնավորապես՝ խոսքը սննդի անվտանգության միջազգային համակարգերի, այդ թվում՝ ISO 22000 ստանդարտի և Վտանգների վերլուծություն և կրիտիկական վերահսկման կետերի սկզբունքների մասին է։ Դրանք նախատեսում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական ռիսկերի կանխարգելում արտադրական ամբողջ շղթայում։ Սակայն, ըստ տնտեսագետի, էական տարբերությունները սկսվում են մատակարարման և բիզնես հարաբերությունների կազմակերպման մակարդակում։

«ԵԱՏՄ շուկայում հաճախ հնարավոր է որոշ հարցեր լուծել ոչ ֆորմալ հարաբերությունների միջոցով՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով, ուշացումները ներելով կամ գործընկերային կապերի շնորհիվ խնդիրներ հաղթահարելով։ Եվրոպական միությունում նման մոտեցումները գործնականում չեն աշխատում։ Այնտեղ առաջնային են պայմանագրային պարտավորությունները, որակի չափանիշներն ու իրավական կարգավորումները»։

ԵՄ շուկա մտնելու հնարավոր մարտահրավերները նշելով՝ Գագիկ Մակարյանն ասում է՝ այնտեղ հարաբերությունները կառուցված են պատասխանատվության վրա։ Արտահանող ընկերություններից պահանջվում է ապահովել ռիթմիկ և անխափան մատակարարումներ, պահպանել պայմանագրային ժամկետները և խստորեն հետևել սահմանված պահանջներին։

Այս առումով հայկական ընկերությունները հաճախ բախվում են դժվարությունների։ Տնտեսագետի գնահատմամբ՝ բազմաթիվ արտադրողներ դեռևս խնդիրներ ունեն կայուն արտադրություն և կանոնավոր մատակարարումների հարցում։

«Կարող է մի ամիս արտահանվի մեկ մեքենա ապրանք, հաջորդ ամիս՝ մի քանի մեքենա, կամ նույնիսկ խախտվեն մատակարարման ժամկետները։ ԵԱՏՄ շուկաներում նման իրավիճակներում երբեմն հնարավոր է փոխհամաձայնության գալ և խուսափել խիստ պատժամիջոցներից, մինչդեռ ԵՄ-ում պայմանագրային կարգապահությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է»։

Փորձագետի կարծիքով՝ եթե հայկական արտահանողները ցանկանում են ընդլայնել իրենց ներկայությունը եվրոպական շուկայում, պետք է ոչ միայն համապատասխանեն որակի ստանդարտներին, այլև զարգացնեն ժամանակին և կանխատեսելի մատակարարումների կարողությունները, ինչպես նաև ուժեղացնեն պայմանագրային և իրավական կառավարման համակարգերը։

ԵՄ շուկա արտահանման գլխավոր խոչընդոտները միայն որակի ստանդարտները չեն։ Հայկական արտադրողների համար Եվրոպական միության շուկա մուտք գործելու ճանապարհին ամենամեծ  մարտահրավերներից մեկը տրանսպորտային և լոգիստիկ պահանջների ապահովումն է։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն փոխադրման արժեքը կամ առաքման ժամկետները չեն, այլ ամբողջ ենթակառուցվածքային համակարգը, որը պետք է համապատասխանի եվրոպական կանոնակարգերին։ Մասնագետի խոսքով՝ ԵՄ շուկա մուտք գործող բեռնատարների նկատմամբ գործում են խիստ պահանջներ։ Կարևոր է ոչ միայն տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, այլև վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմների պահպանումը, նրանց առողջական վիճակը, ինչպես նաև միջազգային փոխադրումների վերաբերյալ կոնվենցիաների պահանջների կատարումը։

«Եվրոպական շուկայում կարևոր է, թե ինչ մեքենայով է ապրանքը տեղափոխվում, քանի վարորդ է սպասարկում երթուղին, ինչպես են պահպանվում աշխատանքի և հանգստի ժամերի վերաբերյալ կանոնները։ Հայաստանը որոշ միջազգային կոնվենցիաներ չի վավերացրել, սակայն եվրոպական շուկա արտահանելու դեպքում այդ պահանջները միևնույն է պետք է պահպանվեն»։

Թարմ մրգերի և բանջարեղենի դեպքում տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն անհրաժեշտ ջերմաստիճանային և կլիմայական պայմաններ, որպեսզի ապրանքի որակը չընկնի ճանապարհին։ Նման պահանջներ գործում են նաև վերամշակված արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների տեղափոխման դեպքում։ Փորձագետի գնահատմամբ՝ եվրոպական շուկաներում կարևոր է ոչ միայն արտադրանքի որակը գործարանում կամ այգում, այլև ամբողջ մատակարարման շղթայի ընթացքում դրա պահպանությունը՝ մինչև վերջնական սպառողին հասնելը։

Մյուս մարտահրավերներից Մակարյանն առանձնացնում է սերտիֆիկացումն ու լաբորատոր վերահսկողությունը։ Բացի գյուղատնտեսական արտադրության համար լայնորեն կիրառվող GLOBAL GAP ստանդարտից՝ ԵՄ շուկան պահանջում է նաև փաթեթավորման, հետագծելիության և որակի կառավարման մի շարք լրացուցիչ սերտիֆիկատներ։

Խնդիր է նաև լաբորատոր փորձարկումների միջազգային ճանաչելիությունը։ Հայաստանում միջազգային հավատարմագրված լաբորատորիաներ գրեթե  չկան։

Առանձին ուշադրության են արժանանում նաև մակնշումն ու փաթեթավորումը։ Եթե ԵԱՏՄ շուկաների համար արտադրանքը հիմնականում ներկայացվում է ռուսերեն մակնշմամբ, ապա Եվրոպական միությունում անհրաժեշտ է համապատասխանել ինչպես եվրոպական ընդհանուր կանոններին, այնպես էլ առանձին անդամ պետությունների պահանջներին։

«Նույն փաթեթավորմամբ և նույն պիտակավորմամբ հնարավոր չէ մտնել եվրոպական շուկա։ Պետք է ապահովել սպառողի համար հասկանալի լեզվով տեղեկատվություն, համապատասխան նշումներ, հետագծելիության կոդեր և այնպիսի փաթեթավորում, որը կպահպանի արտադրանքի որակը երկար փոխադրման ընթացքում»։

Մասնագետը նշում է, որ եվրոպական շուկան գնահատում է ոչ միայն վերջնական արտադրանքը, այլև ամբողջ ճանապարհը, որով այն հասնում է սպառողին։ Հետևաբար, արտահանման հաջողությունը կախված է արտադրության, լոգիստիկայի, սերտիֆիկացման, լաբորատոր վերահսկողության և մատակարարման ամբողջական համակարգի արդյունավետությունից։

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն կարող է աջակցել հայկական արտահանողներին լաբորատոր ենթակառուցվածքների և սերտիֆիկացման զարգացման միջոցով։ Թեև Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում արդեն ստեղծվել է նոր լաբորատորիա, այն դեռևս հավատարմագրման գործընթացում է և չի կարող ամբողջությամբ բավարարել ոլորտի աճող պահանջարկը։

«Ինչպե՞ս Եվրոպան կարող է աջակցել Հայաստանին։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել միջազգային ճանաչում ունեցող եվրոպական լաբորատոր ցանցերի ներգրավումը Հայաստանում։ Օրինակ, խոշոր եվրոպական լաբորատոր համակարգերից որևէ մեկի տարածաշրջանային կենտրոնի կամ մասնաճյուղի ստեղծումը Հայաստանում կարող է սպասարկել ոչ միայն տեղական արտադրողներին, այլև ամբողջ Հարավային Կովկասի երկրներին»։

Մեկ այլ հնարավոր ուղղություն կարող է լինել լաբորատոր փորձարկումների ֆինանսական աջակցությունը։ Տնտեսագետը նշում է, որ Եվրոպական միությունը կարող է համաֆինանսավորել կամ սուբսիդավորել այն ստուգումները, որոնք հայկական արտադրողները ստիպված են անցկացնելու արտերկրում՝ միջազգային ճանաչում ունեցող լաբորատորիաներում։ Մասնագետը կարևոր է համարում նաև միջազգային սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցումը։

«Եվրոպական միությունը կարող է եվրոպական հայտնի լաբորատորիաներին ֆինանսավորի և կցի Հայաստանին»։ 

Գագիկ Մակարյանը եզրափակում է՝ այսօր Հայաստանում սահմանափակ թվով ընկերություններ են կարողանում ամբողջությամբ բավարարել այս պահանջները։

Leave a Comment