Քննչական կոմիտեն կոռուպցիոն նոր սխեմա է բացահայտել, որով պետական սեփականությունից դուրս է բերվել Վալերի Բրյուսովի անվան համալսարանին հատկացված շուրջ 209 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը: Գործով մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել 7 անձ, այդ թվում՝ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդարանական ընդդիմությունն իրավական գործընթացի հիմքում քաղաքական դրդապատճառներ է տեսնում:
Պետական գույքի օտարում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում․ Քննչական կոմիտեն քրեական վարույթով մեղադրանք է առաջադրել 7 անձի, որոնց թվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ղեկավարներ։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2009-2016 թվականներին կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, գործել է ծառայության շահերին հակառակ։ Ըստ վարույթի նյութերի՝ նա, այն ժամանակ ՊԵԿ նախագահ, ապա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդու՝ Արտյոմ Խաչատրյանի շահերից ելնելով, մի խումբ անձանց հետ մասնակցել է պետական գույքի օտարմանը։ Մեջբերում ՔԿ հաղորդագրությունից․
«Քննության վարկածով՝ կոռուպցիոն սխեմայի միջոցով պետական սեփականությունից դուրս է բերվել Երևանի Պուշկինի փողոց 38/1 հասցեում գտնվող՝ 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրան կից հողամասը։ Գույքի արժեքը գնահատվել է շուրջ 209 մլն դրամ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այն հանդիսացել է Բրյուսովի անվան պետական համալսարանին հատկացված գույք և նախատեսված է եղել կրթական նպատակներով օգտագործման համար»։
Իրավապահները պնդում են, որ գործարքի հետևանքով բուհը զրկվել է իր գույքը տնօրինելու և ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից՝ հայտնվելով բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա կապակցված անձանց տիրապետության ներքո։
Քննչական կոմիտեն նշում է նաև, որ հետագայում գույքի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով՝ սկզբում այն ձևակերպվել է մեկ այլ անձի անվամբ, ապա վաճառվել և գրանցվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի անունով։ Ըստ քննության՝ այդ գործողությունները կատարվել են գույքի ծագումը քողարկելու և գործարքին օրինական տեսք հաղորդելու նպատակով։
Խորհրդարանական ընդդիմությունը գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է համարում։ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ձերբակալությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանի կարծիքով, պատահական չէ․
«Որևէ բան այս պետությունում պատահականություն չէ։ Վստահ եմ՝ իրեն զեկուցել են կամ բանավեճից հետո, անգամ նայել է պարոն Աշոտյանի մեկնաբանություններն իր անձի վերաբերյալ և իհարկե հերթական անգամ տվել հանձնարարությունը։ Ընդ որում, այս անգամ ավելի կատաղի, որովհետև ինքը երկու տարի Արմեն Աշոտյանին պահել է ապօրինի կալանքի տակ, երկու տարվա ընթացքում գեթ մեկ վկա, մեկ փաստաթուղթ, ուղղակի կամ անուղղակի մեկ կիսաապացույց չի հայտնաբերվել Արմեն Աշոտյանի դեմ»։
Արմեն Աշոտյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները նախընտրական տրամաբանության մեջ է դիտարկում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Իշխող ուժի ղեկավարը, որն ուն վարչապետի կարգավիճակ նաև ուղիղ եթերներով, գրառումներով և հայտարարություններով ուղղորդում է իրավապահ և դատական համակարգերին, ըստ էության գործել այնպես, ինչպես իր քաղաքական կամքն է պահանջում»։
Արմեն Աշոտյանն անցնում է մեկ այլ քրեական գործով ևս։ Խոսքը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված չարաշահումների մասին է։
Նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որը, ըստ իրավապահների, կապված էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ և կրթության նախարար եղած ժամանակահատվածում համալսարանի միջոցներով արված որոշակի գնումների և ֆինանսական գործարքների հետ։ Այդ գործի շրջանակում Աշոտյանը կալանավորվել էր 2023 թվականի հունիսին և ավելի քան մեկ տարի եղել էր կալանքի մեջ։ 2024 թվականի սեպտեմբերին դատարանը փոխել էր նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք և 25 մլն դրամ գրավ։
Վերադառնալով ՔԿ հաղորդմանը՝ գործի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրանց օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել յոթ անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու որոշումներ են ընդունվել։