«Տնտեսական ճգնաժամը կարգավորելը մեկ օրվա հարց է». Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր Երևանում է անցկացրել քարոզարշավը: Կուսակցության համակիրները Մատենադարանից երթով Ազատության հրապարակ են հասել, որտեղ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հանրավահաքը:

Ելույթ ունեցավ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով գործող իշխանությանն ասաց. «8 տարի ժողովուրդը սպասելուց հետո հիասթափվել է: Էսօր 36 թվի օրենքներ են գործում. բան չխոսես, չարտահայտվես, ժողովուրդը խեղճացած է, պատերի տակ կանգնած, պարտքի, վարկի տակ, ռիսկ չեն անում խոսեն, որովհետև կա՛մ գործից կհանեն, կա՛մ տնային կալանք կտան»:

Խոսելով խաղաղության մասին, պնդեց, թե «չունենք խաղաղություն, դա թելադրանք է: Նրանք իրենց պայմանավորվածություններից ամաչելով՝ ասում են, թե չկա 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարց: Լսեք Ալիևի ելույթը, որ ուզում են Արևմտյան Ադրբեջան կառուցեն: Դա մենք պետք է թույլ չտանք: Ես ո՛չ պաշտոնի, ո՛չ ճանաչման, ո՛չ հարստանալու կարիք ունեմ, Աստված ամեն ինչ տվել է»:

Գագիկ Ծառուկյանն այսօր ևս առաջարկեց զինվել համբերությամբ ամենակարևոր փոփոխության համար և կրկին խոսեց Հիսուսի արձանի կառուցման մասին, ասաց՝ միլիոնավոր տուրիստներ կայցելեն, ներդրումներ կարվեն: Ասաց՝ այժմ տնտեսական ճգնաժամ է, բայց «տնտեսական ճգնաժամը կարգավորելը մեկ օրվա հարց է»:

«Ինձ փորձել են ցավացնել, վախեցնել գործեր հարուցել: Ինձ մարդիկ ասել են՝ Ծառուկյան ջան, քեզ հավատում ենք, հո քեզ վտանգ չի՞ սպառնում, կարո՞ղ է «զադնի դնես», ես ասել եմ՝ բանտարկեն էլ, բան չկա, ժամանակավոր բան ա լինելու, Ծառուկյանը դա անելու է հանուն իր երկրի, ժողովրդի, պատրաստ եմ այդ քայլերին գնալու՝ ասածներս իրականացնելու»,- իր ելույթում ասաց ԲՀԿ առաջնորդը:

Ընտրություններին թեև հաշվված օրեր են մնացել, բայց Գագիկ Ծառուկյանը չի շտապում հրապարակել ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը, պնդել էր՝ ինքը չի ուզում, բայց թեկնածուները չորսն են:

«Որ ժամանակը լինի, կասեմ։ Սաղ հաշվարկած է։ Ծառուկյանի համար են քվեարկելու, Ծառուկյանն էլ ժողովրդին իր պատասխանը կտա», – ասել էր ԲՀԿ առաջնորդը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment