Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ են հայտարարագրել ՔՊ ցուցակի առաջին երեք թեկնածուները

Iravaban.net-ը ուսումնասիրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի առաջին երեք համարները զբաղեցնող թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից երևում է, որ նրա հայտարարագրված հիմնական ակտիվը Տավուշի մարզի Իջևան համայնքում գտնվող բնակելի տունն է, իսկ եկամուտների հիմնական մասը ձևավորվել է աշխատավարձից։

Հայտարարագրի համաձայն՝ Փաշինյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ 201.5 քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն։ Գույքը ձեռք է բերվել 2010 թվականին և գտնվում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։ Սա նոր ձեռքբերում չէ. տունը երկար տարիներ է առկա Նիկոլ Փաշինյանի հայտարարագրերում, ուստի այս հայտարարագրում անշարժ գույքի աճ կամ նոր ակտիվ չի արձանագրվում։

 

Շարժական գույքի բաժնում լրացված տվյալներ չկան։ Հայտարարագրում չեն նշվում նաև այլ անշարժ գույքեր։

Անշարժ և շարժական գույքի բաժիններում չնշված և 8մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք ևս Նիկոլ Փաշինյանը չի հայտարարագրել։

Եկամուտների բաժնում ներկայացված են չորս առանձին մուտքեր, որոնցից խոշորագույնը՝ կես միլիոն դոլար, «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակն է, դրան հաջորդում է  31 մլն 882 հազար 198 դրամ՝ աշխատավարձ։ Նիկոլ Փաշինյանը օգտվել է նաև եկամտային հարկի վերադարձից։ Նրա դրամական մուտքերում եկամտահարկի վերադարձից հայտարարագրված է  4 մլն 768 հազար 480 դրամ։                                                                                                      500 հազարական դրամ էլ վարչապետը ստացել է ՔՊ կուսակցությունից, որպես ռոյալթի (ֆրանշիզայի օգտագործման իրավունքի դիմաց ֆրանչայզիի կողմից ֆրանչայզերին վճարվող դրամական փոխհատուցում)։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ վարչապետը բանկային հաշվում ունեցել է 4 մլն 18 հազար 75 դրամ, ինչպես նաև 700 հազար դրամ և 800 ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա տարեկան հայտարարագրում Նիկոլ Փաշինյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել էր նաև բանկային ավանդ, որի գումարը հաշվետու տարվա սկզբին կազմել է 3,426,000 դրամ, իսկ տարեվերջում՝ 726,900 դրամ և շուրջ 49.35 մլն դրամի չափով «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության պահանջի իրավունք։

2026 թվականի ընտրական հայտարարագրում, սակայն, ո՛չ ավանդը, ո՛չ էլ նշված փոխառությունը չեն արտացոլվում։

Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը, ավանդներից զատ, հայտարարագրել է 6 տարբեր բանկային հաշիվներում առկա գումար։ Բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 831,326․5 դրամ և 1․27 դոլար, տարեվերջում դրանք կազմել են 997․521 դրամ և 1,27 դոլար։

Հայտարարագրում չեն երևում բաժնետոմսեր, ընկերություններում մասնակցություններ, արժեթղթեր կամ այլ ֆինանսական գործիքներ։ Չեն նշվում նաև փոխառություններ, վարկային պահանջներ կամ այլ գույքային իրավունքներ։

 

 

 

Ի համեմատություն Նիկոլ Փաշինյանի, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից երևում է, որ նրա հիմնական ակտիվները բնակելի անշարժ գույքերն են, իսկ եկամուտների հիմնական մասը ձևավորվել է պաշտոնեական գործունեությունից ստացված վճարումներից։

Հայտարարագրի համաձայն՝ Արարատ Միրզոյանն ունի երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ բնակավայրում գտնվող 951 քառակուսի մետր մակերեսով անհատական բնակելի տունն է, իսկ մյուսը՝ Երևանի Շինարարների փողոցում գտնվող 159 քառակուսի մետր մակերեսով բնակարանը։

Շարժական գույքի վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չեն ներկայացվել։ Չեն հայտարարագրվել նաև բաժնետոմսեր, արժեթղթեր, ընկերություններում մասնակցություններ կամ այլ ֆինանսական գործիքներ։

Եկամուտների բաժնում ներկայացված են երեք հիմնական մուտքեր։ Խոշորագույն եկամուտը կազմել է 30 մլն 386 հազար 250 դրամ, որը ստացվել է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների տեսքով։ Բացի այդ, Արարատ Միրզոյանը հայտարարագրել է 5 մլն 813 հազար 300 դրամ գործուղման գումար և 2 մլն 810 հազար դրամ եկամտային հարկի վերադարձ։

Հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ նախարարի դրամական միջոցները կազմել են 11 մլն 700 հազար դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։ Հայտարարագրում չեն երևում փոխառություններ, վարկային պահանջներ կամ այլ գույքային իրավունքներ։

Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ հայտարարագրված դրամական միջոցների զգալի մասը պահվում է կանխիկ կամ արտարժույթով, ինչը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրերում հաճախ դիտարկվող հանգամանքներից է։

Համեմատությունը ցույց է տալիս, որ անշարժ գույքի կազմը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ 2024 թվականի տարեկան հայտարարագրում ևս արտացոլված էին նույն բնակելի տունը և նույն բնակարանը, որոնք ձեռք են բերվել համապատասխանաբար 2022 և 2018 թվականներին։ Այսպիսով, ընտրական հայտարարագրում նոր անշարժ գույքի ձեռքբերում կամ նախկին գույքի օտարում չի արձանագրվում։

Շարժական գույք, տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, ընկերություններում մասնակցություններ կամ այլ ներդրումներ նախարարն ինչպես նախորդ, այնպես էլ ընտրական հայտարարագրում չի ներկայացրել։

Ի համեմատություն ընտրական հայտարարագրի, 2024 թվականի վերջին Արարատ Միրզոյանի բանկային հաշիվներում առկա էր 2 մլն 746 հազար 797 դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները կազմել էին 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ, այդ ժամանակ նրա դրամական միջոցները կազմել էին շուրջ 5.5 մլն դրամ և 59 հազար ԱՄՆ դոլար։

Ընդհանուր առմամբ, ներկայացված տվյալների համաձայն՝ Արարատ Միրզոյանի ակտիվների կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքը և դրամական միջոցները, իսկ եկամուտների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ պետական պաշտոնից ստացված վարձատրությունը։

ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երրորդ համար, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ Երևանի Բաղրամյան փողոցում գտնվող 111,70քմ մակերեսով բնակարանը և Արագածոտնի մարզի Ղազարավան բնակավայրում գտնվող 271․60քմ մակերեսով ամառանոցային շինությունը։ Համեմատությունը 2024 թվականի տարեկան հայտարարագրի հետ ցույց է տալիս, որ անշարժ գույքի կազմը չի փոփոխվել․ նույն գույքերն առկա են եղել նաև նախորդ տարվա հայտարարագրում։ Նոր անշարժ գույքի ձեռքբերում կամ օտարում չի արձանագրվել։

Շարժական գույքի մասով ևս փոփոխություններ չեն արձանագրվել։ Նախարարը շարունակում է հայտարարագրել 2012 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերվել դեռևս 2015 թվականին։ Նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման կամ առկա մեքենայի օտարման վերաբերյալ տվյալներ չկան։

2024 թվականի տարեկան հայտարարագրում Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել էր առևտրային կազմակերպությունում մասնակցություն։ Մասնավորապես, նա ունեցել է 50 տոկոս բաժնեմաս «Աբովյան 39» ՍՊԸ-ում, որի հայտարարագրված արժեքը կազմել է 1 մլն դրամ։ Նույն կազմակերպությունից նա ստացել էր նաև 11 մլն 883 հազար 93 դրամ շահաբաժին։ Բաժնեմասը պահպանվել է նաև ընտրական հայտարարագրի հաշվետու ժամանակահատվածում։

Դրամական միջոցների մասով նույնպես նկատվում են փոփոխություններ։ 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ տարվա վերջում նախարարն ունեցել է 40 հազար 35 ԱՄՆ դոլարի չափով բանկային ավանդ, ինչպես նաև բանկային հաշիվներում՝ 2 հազար 576 ԱՄՆ դոլար, 67 հազար դրամ և 14.26 եվրո։ Բացի այդ, նա հայտարարագրել էր 250 հազար դրամ կանխիկ միջոց։

Ընտրական հայտարարագրում, սակայն, ներկայացված են 252 հազար դրամ և 40 հազար 35 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։

 2024 թվականի տարեկան հայտարարագրում Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել էր ընդհանուր 32 մլն 227 հազար 795 դրամ եկամուտ, որից 20 մլն 344 հազար 702 դրամը՝ աշխատավարձ, իսկ 11 մլն 883 հազար 93 դրամը՝ «Աբովյան 39» ՍՊԸ-ից ստացված շահաբաժին։ Ընտրական հայտարարագրի հաշվետու տարվա ընթացքում Ավանեսյանը աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից ստացել է 29 միլիոն 256 հազար 607 դրամ եկամուտ։ «Աբովյան 39» ՍՊԸ-ից ստացված եկամուտները 2025 թվականին կազմել են 1 միլիոն դրամ։

Ընտրական հայտարարագրում ներկայացված են առողջապահության նախարարությունից և պաշտոնեական գործունեությունից ստացված մի շարք վճարումներ, որոնք ընդհանուր առմամբ վկայում են, որ եկամուտների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ պետական պաշտոնից ստացված վարձատրությունը։ Միևնույն ժամանակ ընտրական հայտարարագրում շահաբաժինների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։

Հայտարարագրերում չեն երևում փոխառություններ, վարկային պահանջներ կամ պարտքային արժեթղթեր։ Չեն հայտարարագրվել նաև թանկարժեք գույք, կրիպտոարժույթ կամ այլ բարձրարժեք ակտիվներ։

Նյութը պատրաստվել է ԱԺ 2026 թվականի ընտրությունների թեկնածուների կողմից ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի տվյալների հիման վրա։ Հաշվետու ժամանակաշրջանը 01 ապրիլ, 2025թ. -01 ապրիլ, 2026թ.։

Օֆելյա Արսենյան

Leave a Comment