ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլին։ Միության Խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ առաջին բանակցային կլաստերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս քայլը վկայում է ԵՄ-ի միասնության ու վճռականության մասին և կարևոր հանգրվան է երկու երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհին։
ԵՄ-ն արդեն պատրաստ է պաշտոնապես բացելու Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ առաջին կլաստերը։ Այս լուրը տեղ է գտել միջազգային մամուլում՝ որպես Կիևի առջև կանաչ լույս՝ ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին։
Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ առաջին բանակցային կլաստերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մասին հայտարարությունը հրապարակվել է Կիպրոսի նախագահության պաշտոնական էջում։
Կիպրոսն է այժմ նախագահում Եվրոպական Միության Խորհրդում։
«Այս իրադարձությունը կարևոր հանգրվան է Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական ինտեգրման ճանապարհին և հստակ նշան է ԵՄ-ի միասնության և վճռականության: Առաջիկա օրերին մենք կշարունակենք նպատակասլաց աշխատել՝ Խորհրդի քննարկումներն ավարտելու համար՝ այս խմբի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսելու համար»։
Կիևը և Բրյուսելը դեռևս մարտի կեսերին փորձագիտական մակարդակով բացել են ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցային խմբերը: Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը նախկինում վստահեցրել էր, որ Կիպրոսի ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում Ուկրաինայի հարցը գերակա կլինի։
Այս առումով ուշագրավ է Հունգարիայի դիրքորոշումը։ Բուդապեշտը հայտնում է, որ պատրաստ է վերացնելու իր վետոն այս հարցում։
2026 թվականի մարտի 10-ին Հունգարիայի խորհրդարանը դեմ արտահայտվեց Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։ Խորհրդարանի ընդունած փաստաթղթում ասվում էր, որ Բրյուսելը վերջերս որոշումներ է կայացրել, որոնք մեծացրել են լարվածության սրման ռիսկը, և որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է ողջ դաշինքին ներքաշել պատերազմի մեջ։
Այնուամենայնիվ, մեկ ամիս անց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, որի առաջնորդ Պետեր Մագյարը դարձավ երկրի վարչապետ։ Հունիսի 3-ին նա սոցիալական ցանցերում հայտարարեց, որ Ուկրաինայի հետ համապարփակ համաձայնագիր է կնքվել, որով ընդլայնվում են այնտեղ բնակվող 100.000 հունգարացիների լեզվական, կրթական, մշակութային ու քաղաքական իրավունքները։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի այս պարտավորությունները կարտացոլվեն նաև ԵՄ հետ գործողությունների ծրագրում։
«Եթե դա տեղի ունենա, Հունգարիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինայի անդամակցության բանակցությունների առաջին փուլի մեկնարկին», — հայտարարել է Մագյարը։
Սակայն նա կրկին նշել է, որ Հունգարիան չի աջակցում ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան անդամակցության իրենց հերթին սպասող երկրներին անդրադառնալով, ասել է, որ գլոբալ աշխարհաքաղաքական անորոշության և տնտեսական անկայունության այս ժամանակաշրջանում ընդլայնումը աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է ԵՄ–ի համար․
«ԵՄ անդամակցությունը ավելին է, քան պարզապես միասնական շուկա մուտք գործելը: Այն նշանակում է միանալ ընդհանուր արժեքներին և համատեղ ռազմավարական ընտրությունների վրա կառուցված քաղաքական միությանը: ԵՄ–ն կայուն ժողովրդավարական ինստիտուտների և ամուր տնտեսական կապերի միջոցով իր անդամ պետությունների համար ստեղծել է երկարատև խաղաղություն և կայունություն: Ընդլայնումը նույն հնարավորություններն է առաջարկում մեր հարևաններին Եվրոպայում, ինչպիսին է Ալբանիան: Սակայն գլոբալ աշխարհաքաղաքական անորոշության և տնտեսական անկայունության այս ժամանակաշրջանում ընդլայնումը նաև աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է Եվրոպայի համար: Այն ներդրում է մեր մայրցամաքի խաղաղության, կայունության և անվտանգության մեջ: Այդ պատճառով անհամբեր սպասում եմ ԵՄ–ի առաջիկա գագաթնաժողովին, որը ցույց կտա ԵՄ–ն ընդլայնելու տեմպը զարգացնելու մեր վճռականությունը»:
Մայիսի 29-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի Եվրոպական խորհրդում՝ հունիսի 18-19-ը կայանալիք հանդիպման ժամանակ։
ԵՄ ընդլայնման և նոր անդամների ներգրավման առումով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հստակեցնում է, որ Ալբանիան ճիշտ ճանապարհի վրա է, սակայն այդ երկիրը դեռ պետք է ակտիվացնի ջանքերը կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։
AP գործակալությունը գրում է, որ վերը նշված պայմանների կատարման հարցում ԵՄ–ին անդամակցելու իրենց հերթին սպասող երկրների շարքում առաջատար են Չեռնոգորիան ու Ալբանիան։
Միջազգային մամուլը գրում է նաև, որ արժանիքների վրա հիմնված անդամակցությունը դանդաղ է ընթացել, սակայն վերջերս ԵՄ-ն փորձում է խրախուսել բարեփոխումները թեկնածու երկրներին՝ վախենալով Ռուսաստանի ու Չինաստանի աճող ազդեցությունից։