Հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 38 ընտրարածքային ընտրական հանձնաժողով է ձևավորվել։ Դրանցից 10–ը Երևանում են, 4–ական՝ Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում, 3–ական՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, 2–ական՝ Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի մարզերում, 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով էլ ձևավորվել է Վայոց Ձորում։ Երևանում ընդհանուր ընտրատեղամասերի թիվը 475 է, մարզերում՝ 1522։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն տպագրել է ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների համար ընդհանուր թվով 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ։ Յուրաքանչյուր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 հատ քվեաթերթիկ՝ ընտրողների թվից մինչև 5 տոկոս ավել քանակով։ Ընտողների թիվը, ըստ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության տվյալների, 2 մլն 505 հազար 102 է։ Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 8 և ոչ ուշ, քան 3 օր առաջ։ Դրանք տեսակավորված ու փաթեթավորված են։ Քվեաթերթիկների վրա նշված են քաղաքական ուժերի անվանումները, նրանց համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները։ Քվեաթերթիկները ընտրական հանձնաժողովները կստանան ընտրության նախորդ օրը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տրցակում կբացակայի 13–րդ համարի քվեաթերթիկը, քանի որ այդ թվի ներքո հանդես եկող քաղաքական միավորը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։
elections.mia.gov.am հարթակ․ յուրաքանչյուր ընտրող այստեղ կարող է փնտրել իր ընտրատեղամասը։ Սա ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգ է, տեղադրումը քվեարկության օրվանից 7 օր առաջ։ Ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները հրապարակված են, ունեն որոնման ու ներբեռնման հնարավորություն։ https://elections.mia.gov.am/ մուտքգործելով բացվում է երկու պատուհան՝ «ԱԺ ընտրություններ» ու «Ըստ տեղամասերի»։ Առաջին պատուհանում մուտքագրելով ընտրողի անուն, ազգանունը , ծննդյան օրը, ամիսը, տարին, բացվում է պատուհան, որտեղ նշվում է նրա ընտրատարածքն ու ընտրատեղամասը։ Հաջորդ՝ «Ըստ տեղամասերի» պատուհանում արդեն հնարավոր է փնտրել ու գտնել ընտրողի ընտրական համարը։ Այն ավելի հեշտ է գտնել, եթե համապատասխան ֆայլում փնտրեք հասցեով։ Յուրաքանչյուր ընտրատեղամասի հասցեն հայտնվում է համապատասխան պատուհանում, այստեղ նաև նշված է , թե որ մանկապարտեզում, դպրոցում կամ որևէ այլ վայրում է այն տեղակայված։
ԿԸՀ–ը բացատրում է, թե ինչպես պետք է ներկայանալ ընտրության․
«Ընտրության գնալիս անձը պարտադիր պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ։ Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում»։
Եթե անձը ցանկանում է մասնակցել քվեարկությանը, բայց կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը, այս դեպքում հունիսի 7–ի առավոտյան ժամը ութից մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20–ը, կամ նախորդող օրերին կարող է մոտենալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում, նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնել։ Այդ պահին քաղաքացուն կտրամադրվի փաստաթուղթ, որով նա կարող է մասնացել քվեարկությանը։
ԿԸՀ–ն բացատրում է քվեարկության կարգը․
«Քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի ընտրատեղամասում ստանում է գրանցված յուրաքանչյուր քաղաքական ուժի համար առանձին քվեաթերթիկ, այս դեպքում 18 քվեաթերթիկ ու քվեարկության մեկ ծրար։ Քաղաքացին չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Ընտրությունը կատարվում է գաղտնի՝ քվեախցիկում։ Այստեղ գրիչ չկա։ Որևէ նշում քվեաթերթիկի վրա չի թույլատրվում։ Քաղաքացին քվեախցիկում իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը պետք է առանց ծալելու տեղադրի ծրարի մեջ, մյուսները թողնի համապատասախան արկղի մեջ։ Նա մոտենում է քվեատուփին՝ հանձնելով քվեարկության կտրոնը։ Քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը, վերցնելով ընտրողից քվեարկության կտրոնը , առանց ծրարը վերցնելու դրա ճեղքի միջով քվեաթերթիկի վրա փակցնում է դրոշմանիշ։ Ապա ընտրողին հնարավորություն է տրվում ծրարը գցել քվեատուփի մեջ»։
Քվեարկությունից անմիջապես հետո ընտրողը պետք է հեռանա ընտրատեղամասից։ Քվեարկությունը սկսվում է առավոտյան ժամը ութին, ավարտվում՝ 20–ին։ Ընտրացուցակներում քաղաքացիները իրենց հասցեներում կարող են այլ անձանց անուն–ազգանուններ հայտնաբերել։ Ինչպե ՞ ս է ստացվել։ Սրա վերաբերյալ «Ռադիոլուրին» պարզաբանումներ է տալիս է ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը
«Ի սկզբանե նշեմ, որ հաշվառումը կապ չունի ընտրելու իրավունքի հետ։ Այսինքն, այն տարածված մտայնությունը, որ հատուկ հաշվառումներ են խմբակային իրականացվում կամ հատուկ ընտրելու իրավունքը գեներացնելու նպատակով գործողություններ են իրականացվում հաշվառման նման գործողություններ։ Սա ապատեղեկատվություն է, որովհետև ընտրելու իրավունքը 2 պարզ չափորոշչով է պայմանավորված` 18 տարին լրացած պետք է լինի անձը և անձը լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հաշվառումը տեխնիկական բնույթի պայման է, որով որոշվում է, թե որ ընտրատեղամասում պետք է տվյալ անձը ընտրի և այն փոխելու հնարավորություն ևս կա։ Ինչու՞ է ստացվում այնպես, որ անծանոթ մարդիկ են հայտնվում հասցեներում որպես հաշվառված անձինք։ Մենք հաշվառումը չենք փոխում երբեք, եթե չի լինում դրա վերաբերյալ դիմում, իրավունք չունենք։ Բավարար է անձը մեկ անգամ հաշվառվի, եթե նոր դիմում չներկայացնի նոր հաշվառման վերաբերյալ, նա մնալու է այդտեղ հաշվառված միշտ և ցանկացած առուծախի պայմանագրերի դեպքում։ Պետք է ուղղակի նկատի ունենալ, որ տան հասցեում կարող են հաշվառված լինել նախկին սեփականատերերը կամ նախկին սեփականատերերի օրոք տվյալ հասցեում փաստացի հիմունքներով բնակված անձինք»։
Ընտրողների նախնական ցուցակները հրապարակվել էին ընտրություններից 40 օր առաջ։
Հունիսի 7–ին կձևավորվի Հայաստանի առաջիկա 5 տարվա խորհրդարանը։ ԸՕ համաձայն, խորհրդարանում կընդգրկվեն այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք կհաղթահարեն անցողիկ շեմը։ Կուսակցության համար այն 4 % է, մինչև 3 կուսակցությունից կազմված դաշինքի համար` 8 %, 4 և ավելի կուսակցություններով դաշինքի համար`10 %։ Մանդատները բաշխվում են միայն անցողիկ շեմը հաղթահարած ուժերի ձայների հիման վրա։ 101 մանդատը բաշխվում է անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև իրենց ստացած ձայների համամասնությամբ, ևս 4 մանդատ օրենքով նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։
«Եթե կուսակցությունը ստացել է առնվազն 2 % կամ դաշինքը 4 %, պետությունը վերադարձնում է նրանց ընտրական գրավը․ կուսակցությանը` 7․5 միլիոն դրամ, դաշինքինը` 15 միլիոն դրամ ։ Այն կուսակցությունները, որոնք ստացել են 2 % և ավելի ձայն, ինչպես նաև այն դաշինքները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, ստանում են պետական ֆինանսավորում մինչև հաջորդ Ազգային ժողովի ընտրությունները»։
Ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները, անգամ նրանք, որոնք չունեն հաշվառման հասցե։ ՀՀ ԱԺ ընտրություններին չեն կարող մասնակցել օտարերկացիները՝ անկախ նրանց կարգավիճակից։