ԱՀԿ ղեկավարը դատապարտել է Իսրայելի գրոհը
Լիբանանում Իսրայելի օդուժի թիրախը Տյուրոսի հոսպիտալն Է դարձել, շենքը հիմնովին ավերվել Է, ըստ հաստատված տվյալների, զոհվել Է առնվազն 4 մարդ, ըստ հոսպիտալի աշխատակիցների՝ 6 մարդ: Գրոհը խստորեն դատապարտել Է առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը:
«Լիբանանում 2026 թվականի մարտի 2-ի վերջին սրացումից ի վեր ԱՀԿ-ն հաստատել է առողջապահության ոլորտի վրա 191 հարձակում, որոնց հետևանքով առողջապահության ոլորտի աշխատողների և հիվանդների շրջանում մահացել է 128 մարդ, վիրավորվել Է շրջանում՝ 371 մարդ»,- Ֆեյսբուքի իր Էջում գրել Է ԱՀԿ ղեկավարը։
«Այս հարձակումները մեզ ավելի ուժեղ են դարձնում»
Տյուրոսում Ջամալ Ամելի հոսպիտալի բժիշկները պնդում են, որ ի հեճուկս թշնամու նենգ արարքների՝ կշարունակեն աշխատանքը:
«Այս հարձակումները մեզ միայն ավելի ուժեղ են դարձնում, մենք երաշխավորում ենք, որ բուժհիմնարկը բաց կմնա և կկատարի իր մարդասիրական առաքելությունը, մենք կշարունակենք օգնել հիվանդներին անկախ այն գնից, որը վճարում ենք դրա համար»,- ասել է հոսպիտալի տնօրեն, դոկտոր Վաել Հազման:
Շենքը ցնցվել է հռթիռի հարվածից, ապակիները, դռները ջարդուփշուր են եղել, պատերը քանդվել են, սակայն, ըստ բժիշկների, նրանք առաջին հերթին ոչ թե իրենց կյանքի մասին են մտածել, այլ շտապել են փրկելու անկողնային հիվանդներին, փլատակներից դուրս հանելու անօգնական մարդկանց:
«Մենք հերթապահության մեջ էինք։ Մի պահ գնացի հանգստի սենյակ, մեկ էլ շատ ուժեղ պայթյուն լսվեց։ Գոռացի։ Աշխատողիս ասացի, որ արագ գնանք հիվանդների մոտ, մենք ավելի շատ անհանգստանում էինք նրանց համար։ Շատ ուժեղ հարված էր»,- ասել է վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Խադիջա Յուսեֆը:
«Արարքը վկայում է Իսրայելի բարբարոսության մասին»
Բժիշկները չեն հասկանում, թե ինչո՞ւ Է Իսրայելը թիրախավորում բուժհիմնարկը:
«Ահա այն, ինչ մնացել է ռեանիմացիայից: Այն, ինչ տեսնում եք՝ թշնամի Իսրայելի բարբարոսության մասին է վկայում: Մեր շենքում ոչ հրթիռներ կան, ոչ զենք, ոչ էլ զինյալներ, միայն բուժառուներ ու վիրավորներ»,- ասել է վերակենդանացման բաժանմունքի բժիշկ, դոկտոր Հասան Մտայրեկը:
Associated Press-ի թղթակից Մալակ Հաբրի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարվածի նախօրեին ասել է, թե Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը համաձայնել են դադարեցնել զինված առճակատումը:
«Երկուշաբթի օրը Բենիամին Նեթանյահուն սպառնաց հարվածել Դահիյեին… Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի հարվածները չեղարկվեցին Իսրայելի վարչապետի և Թրամփի զրույցից հետո»,- ռեպորտաժում հաղորդել է Հաբրը:
Թրամփի կոպիտ հայհոյանքը Նեթանյահուի հասցեին
Իսրայելցիները Բեյրութին չեն հարվածել, սակայն թիրախավորել են Տյուրոսի հոսպիտալը: Թրամփը հաստատել Է, որ Նեթանյահուի հետ զրույցում նրան անվանել է «գիժ», ի դեպ, այդ որակումին նախորդել Է նաև ոչ հրապարակելի կոպիտ հայհոյանք:
Միաժամանակ Թրամփը նշել է, որ շարունակում է աշխատել Նեթանյահուի հետ, քանի որ իրենցից մեկը պատերազմի շրջանի նախագահ է, մյուսն էլ՝ պատերազմի շրջանի վարչապետ: