ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թ. հունվար-ապրիլ ամիսներին, 2025 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4,5 %-ով։ Այս ցուցանիշը ԿԲ սահմանած 3 % թիրախից արդեն բարձր է։
Փորձագիտական դաշտում ակնկալում են, որ առաջիկայում Կենտրոնական բանկը կհայտարարի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին։ Վերջին նիստում այն անփոփոխ մնաց՝ 6,5 %։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումներով՝ գնաճը 2026-ին կհասնի 3,8 %-ի, իսկ 2027-ին կնվազի մինչև 3,2 %։
Գնաճն ավելին է, քան ԿԲ սահմանած թիրախը։ Սա արձանագրում են և՛ ԿԲ-ում, և՛ փորձագիտական դաշտում։ Պարենի համաշխարհային կազմակերպության փորձագետները ապրիլյան զեկույցում ևս արձանագրում են, որ 2026 թվականին ցորենի բերքի հեռանկարը անորոշ է։ Հայաստանն էլ անմասն չէ համաշխարհային շուկայի փոփոխություններին։ ԿԲ-ում արձանագրում են, որ 2026-ի սկզբից աշխարհում ավելացել են անկայունություններն ու ռիսկերը՝ կապված էներգակիրների գների և դրանց տատանողական աճի, առևտրային ուղիների սահմանափակումների հետ։ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ևս դիտվում են տնտեսական աճի հետագա վատթարացման և գնաճի ընդլայնման ռիսկեր։
Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանն ընդգծում է․
«2026 թվականի ապրիլին ՀՀ սպառողական շուկայում 12 ամսյա գնաճը շարունակել է արագանալ կազմելով 5,3%, նախորդ ամսվա նկատմամբ 1,3 %։ Գնաճի տեմպի որոշակի արագացման հիմքում ընկած է սննդամթերքի գների աճը, որը տարեկան կտրվածքով Հայաստանում կազմել է 9,5 %»։
Գնաճը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական անորոշություններով՝ մասնավորապես, հակամարտությունով՝ արձանագրում է փորձագետը։ Իսկ սննդամթերքի գների աճը Հայաստանում մի քանի գործոնով է պայմանավորված․
«Նախ, Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման ծավալը աճել է, ուստի համաշխարհային գների փոփոխությունները արագ ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին շուկայի վրա, զուգահեռ աճել են նաև գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը»։
Գլխավոր դրամատանն արձանագրում են՝ տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակում որոշակիորեն դանդաղել է՝ դրսևորելով զգալի տատանողականություն։ Եվրագոտում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները խոսում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղեցման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ևս արագացող գնաճը ներմուծմամբ է պայմանավորվում․
«Սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորաբար, էներգակիրների և պարենային ապրանքների գների բարձրացմամբ, այնպես էլ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ»։
ԿԲ նախագահի խոսքով՝ արդեն մայիսին 12-ամսյա գնաճը գնահատվում է 4 %-ի շրջակայքում, որը թիրախից բարձր է․ «Մենք աշխարհից անմասն չենք կարող մնալ, աշխարհում ստեղծված գնաճային իրավիճակը բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործն այս պահի դրությամբ լինելու է հասկանալը, թե գնաճը, որ հիմա ունենք՝ 5,3 ու ավելի վերև է գնալու, պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով, ու կարելի է սպասել, որոշակի ազդակ չտալ, կամ, եթե կան որոշակի պահանջարկի գործոններ, մենք պետք է որոշակի արձագանք ունենանք»։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ աճել են նաև լոգիստիկ ծախսերը։ Այդուհանդերձ, ըստ նրա, տարածաշրջանի երկրներից ամենացածր գնաճը Հայաստանում է․ «Ապրիլին Ռուսաստանում գրանցվել է 5,6 %, Վրաստանում շուրջ 5,9 %, Ղազախստանում ավելի քան 10 % գնաճ»։
ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ ապրիլին՝ երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսն աճում է։ Դա պայմանավորված է Պարսից ծոցի երկրներում տեղի ունեցող իրադարձություններով։
Հորմուզի նեղուցի շուրջը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աճել են հատկապես հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի և մսամթերքի գները։ Նավթամթերքի բարձր գների և կենսավառելիքի պահանջարկի աճի պատճառով բուսական յուղերի գները հասել են 2022-ից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Գյուղմթերքի արտադրության խնդիրները սրվում են հատկապես պարարտանյութերի թանկացման պատճառով։
Հայաստանում գնաճը ուղեկցվել է հայկական դրամի արժևորմամբ։ Սա պայմանավորված է արտերկրից ՀՀ ֆինանսական ու զբոսաշրջային հոսքերով՝ արձանագրում են մասնագետները։