Չարենցի վերջին պատգամը և փրկված ձեռագրերը․ Ռեգինա Ղազարյանի, Գուրգեն Մահարիի և Անահիտ Չարենցի հիշողությունները․ «Արդեն 100 տարի»

Սրանից 111 տարի առաջ՝ 1915-ին, Երևանում՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունի երկհարկանի ու տասնյակ սենյակներով սրբատաշ տուֆից տանն է ծնվել նկարչուհի Ռեգինա Ղազարյանը: Նա սերում էր Խորասանյանների հին երևանյան տոհմից, որը մեծ ներդրում է ունեցել մայրաքաղաքի զարգացման գործում: Ռեգինան սիրում էր հեծանիվ վարել և անձամբ Չարենցից նվեր էր ստացել գերմանական «Դուքս» մակնիշի դեղին-կարմիր մի հեծանիվ: Այս կինը թերևս մեծ պոետի միակ վստահելի մարդն էր ստալինյան ահավոր տարիներին: Նա ապրեց 84 տարի և հեռացավ կյանքից Բաղրամյան պողոտայում գտնվող իր փոքրիկ բնակարանում՝ 1999 թվականին:

Ռեգինան շատ հուշեր ունի Չարենցի մասին՝ ուրախ և տխուր: Ամենից ծանր հիշողությունները, իհարկե, Չարենցի բանտարկության օրերի հետ են կապված: Երբեմն կնոջ՝ Իզաբելլայի հետ Ռեգինան նույնպես բանտ էր գնում՝ ուտելիք և դեղորայք հասցնելու: Մի օր Իզաբելլան, հերթական անգամ բանտից վերադառնալով, Չարենցի սպիտակեղենը լվանալիս շապկի վրա քիմիական մատիտով ռուսերեն գրություններ է նկատում: Կարողանում է միայն կարդալ «Ռեգինա» անունը: Անմիջապես գտնում է նրան, և միասին, խոշորացույցի օգնությամբ, վերծանում են գրածը. «Իզաբելլա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային և վստահիր նրան, նա քեզ կաջակցի»:

Երկու կանայք արագ-արագ մի ճամպրուկի մեջ են լցնում Չարենցի ձեռագրերը՝ մոտ 20 թղթապանակ: Բայց դեռ 3-ն էլ կային, որոնք ոչ մի կերպ չէին խցկվում ճամպրուկի մեջ: Վերջապես որոշում են դրանք թաքցնել խոհանոցում՝ ամանեղենի պահարանի կրկնահատակի արանքում, մինչև առիթ կլիներ այդ 3 թղթապանակներն էլ տնից հանելու: Անվախ այս երիտասարդ կինը ճամպրուկը հասցնում է տուն՝ վտանգելով իր կյանքը: Հաջորդ օրը թղթերը՝ մոմլաթի մեջ փաթաթված, դարսում է մի տակառի մեջ, որի բերանը պինդ փակելով՝ թաղում է Ադամյան փողոցի 7 հասցեի մի փոսում: Այս հասցեն կարծես թե նախկին Սպայի տան մոտակայքում պետք է եղած լինի:

Շուտով ձերբակալում են նաև Չարենցի կնոջը: Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) գնդապետ Պավել Աբուլյանը Ռեգինային է հանձնում մի գրություն՝ ստորագրված Չարենցի և Իզաբելլայի կողմից, այն մասին, որ նրանք երեխաներին հանձնում են իր խնամակալությանը:

Այսպես Ռեգինան փրկում է նաև Չարենցի փոքրիկներին՝ Արփենիկին և Անահիտին: Մինչ կսկսվեր Չարենցի տան խուզարկությունը, Ռեգինան՝ երեխաների հագուստները վերցնելու պատրվակով, կարողանում է աննկատ պայուսակի մեջ տեղավորել այն 3 թղթապանակները, որ թաքցված էին խոհանոցի պահարանի կրկնահատակի արանքում: Ռեգինայի փրկած գործերը վերաբերում են 1935-1937 թվականներին:

Հանրային ռադիոյի ձայնային պահոցում է նաև Գուրգեն Մահարիի խոսքը՝ ձայնագրված 1962-ին՝ նվիրված, ինչպես ինքն էր ասում, «ստալինյան գործերի արյունոտ գործարանում՝ ֆիզիկական և բարոյական այդ սպանդանոցում արձանագրված Եղիշե Չարենցի մահվան 25-րդ տարելիցին»:

Իսկ արխիվային մեկ այլ ժապավենի վրա էլ արձանագրված են Չարենցի դստեր՝ Անահիտի հիշողությունները հոր և իրենց տան մասին:

Leave a Comment