Արցախցի ընտանիքը պետական աջակցությամբ Հովտամեջում երկհարկանի տուն է գնել ու զբաղվում է գյուղատնտեսությամբ

Վաղարշապատ համայնքի Հովտամեջ գյուղում Արցախից տեղահանված Մարդյանների ընտանիքը պետական աջակցության ծրագրով երկհարկանի առանձնատուն է ձեռք բերել․ արդեն մեկ ամիս ապրում են սեփական տանիքի տակ: Ինը հոգանոց ընտանիքի անդամներից հինգն անչափահաս են: Հովտամեջում գյուղացիները եկամուտը հիմնականոմ  հողից են ստանում: Մարդյանները նույնպես գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Թեև արդեն կեսօր էր, ու արևը սկսել էր այրել, սակայն Գոհար Մարդյանը հողամասից դուրս չէր գալիս՝ փխրեցնում էր, քաղհան անում, մշակում: Հողի հետ աշխատանքն, ասում է, ցրում է ծանր մտքերն ու լավատեսություն ներշնչում: Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում էլ է հող մշակել, այստեղ նոր է սկսել բանջարեղենի սածիլներն ամրացնել:

«Սածիլներ ենք դրել՝ լոլիկի, բիբարի, բադրջանի, մորի ենք տնկել՝ ելակ: Ելակի սածիլները նվեր տվեցին, իսկ լոլիկի, բիբարի սածիլներն առել ենք: Էստեղ լոբի եմ ցանել, իսկ այն շարունակությունը՝ ելակ, մնացած բաց տեղում՝ կարտոֆիլ: Մենք որ եկանք այստեղ լրիվ խոտ էր, մաքրել ենք, վարել ու ցանել»:

Մայիսին  են տեղափոխվել Հովտամեջ գյուղ, հետաքրքվել են, թե  ինչ են այստեղ մշակում, ինչն է եկամտաբեր ու սկսել են տնամերձ  հողը մշակել: Նախկին խոտածածկ տարածքն արդեն վերածվել է բանջարանոցի: Մարգերում շուտով բանջարեղենը կհասունանա: Ոռոգում են կաթիլային համակարգով՝  տան ջրհորից: Գոհար Մարդյանն արդեն հասցրել է քաղել իր աճեցրած կանաչին:

Արցախից  տեղահանվել են 2023թ սեպտեմբերի 25-ին ու եկել Էջմիածին՝ պատմում է  Գայանեն:

«Սկեսրայրիս քրոջ տանն ենք մնացել, հետո տեղափոխվեցինք ու 2 տարի վարձով ապրեցինք: Երկու տարի հետո քաղաքացի դարձանք: Ամուսինս «Գազպրոմ»-ում է աշխատել, ես էլ՝ թիվ 7 դպրոցում»:

ՀՀ քաղաքացիություն  ստանալով՝ լուծել են ամենակենսական խնդիրը և օգտվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից: Արմավիրի մարզում բնակարան ձեռք բերելու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին կառավարությունը հատկացրել է 4 մլն դրամ:  Ինը հոգանոց ընտանիքում հինգն անչափահաս երեխաներ են: Տունը երկհարկանի է՝ 1000 քմ հողամասով, բայց  վաճառքի ընթացքում որոշակի խնդիրների են բախվել՝ ասում է Գայանեի աղջիկը՝ Գոհարը:

«Շատ ձգվեց այս տունն առնելու գործը, քանի որ տերը Ռուսաստանում էր, աղջկան էր լիազորել, որ կարողանա վաճառի: Տան տերերը վարկ էին վերցրել, ու դա էին փակում: Հետո խնդիրներ առաջացան հողի հետ կապված, որովհետև հողի տարածքն ավելի քիչ էր գրված, քան իրականում կար: Դրա համար նորից բերեցին, հողի տարածքը չափեցին, գրեցին ու գործարքը երկարեց»:        

Տունը որոշ չափով կահավորված է, վերանորոգված, բայց արդեն որոշել են սենյակներ ավելացնել, խոհանոցը կարգի բերել:

«Այս պահին 3 սենյակ է ու պլանավորում ենք այն կիսել ու դարձնել 4 սենյականոց տուն: Սպասում ենք, որ գումար հատկացնեն: Հավաստագրում  գումար է մնացել, սպասում ենք, որ այդ գումարը բանկը տրամադրի, այսինքն՝ մենք պատվիրելու ենք մեզ անհրաժեշտ նյութերը, բանկը կփոխանցի ու կվերանորոգենք»:      

Հովտամեջում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն․ ամբողջ տարին գյուղում  բանջերեղեն ու ծաղիկներ են մշակում: Այդ հողամասում էլ պատրաստի ջերմոց կա, բայց դեռ ծածկված չէ: Որոշել են խնդիրները հերթով  լուծելով առաջ գնալ։   

Leave a Comment