Վանիր մեղքը սիրով

Վանիր մեղքը սիրով

03.06.2026 | 00:02

– Տեր, սիրում ենք Քեզ և գովում ենք Քեզ:

Դու ես մեր ուրախությունն ու մեր գերազանց վարձը:

– Մի մոռացեք, որ սերն այն զորությունն է, որ կերպարանափոխում է աշխարհը: Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ` մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների:

Սերը միակ զենքն է, որի միջոցով դուրս է նետվում մեղքը. դուրս վտարեք մեղքը սիրով:

Հեռու վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումն Աստծուն ուղղված փառաբանությամբ:

Փառաբանությունը նշանակում է ճանաչել ու ընդունել այն ամենը, որ Ես եմ տալիս ձեզ:

Մարդկանցից քչերն են նոր նվերներ ուղարկում, մինչև որ չի հավաստվում նախորդ նվերը ստանալու փաստը: ՈՒրեմն գովիր ու գոհացիր, հաստատելով քո ընդունած նվերները, որպեսզի Իմ տալու և օրհնելու ճանապարհը բաց պահեն Ինձ համար, է՛լ ավելի պարգևներ հեղելու շնորհակալ սրտի վրա:

Սովորիր, ինչպես երեխան է սովորում պարզորեն ասել` շնորհակալ եմ, իբրև քաղաքավարության քայլ, թեկուզ և առանց երախտագիտության իրական զգացումի: Ասեք այս, մինչև որ շնորհակալության և ուրախության զգացումը, ի վերջո, միահյուսվի ասված խոսքին:

Մի ակնկալեք զգալ կամ իմանալ, թե վերոհիշյալ փորձառությունները զգացել կամ ապրել են ուրիշները: Դուք պարզորեն քայլեք հնազանդության հարթ ճանապարհով, և ձեր հարատև ջանքը կվարձատրվի, երբ հասնեք աղբյուրին՝ ջրի զվարթ աղբյուրին:

Հրճվեք Ինձնով և ինչքան կարող եք, հրճվանք սփռեք ձեր շուրջը:

Մեկնաբանություններ

Leave a Comment