ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում ԱՄՆ ակտիվությունից, սակայն Վաշինգտոնը չի խնդրում Երևանին հրաժարվել այլ երկրների հետ բարեկամությունից։
«Ռուսները հիացած չեն մեր ներգրավվածությամբ այնտեղ», – ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ռուբիոյի խոսքով՝ «կան ապացույցներ», որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը պարտվի առաջիկա ընտրություններում։
«Մենք այստեղ չենք՝ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը, և ոչ էլ խնդրում ենք նրանց հրաժարվել այլ երկրների հետ բարեկամությունից», – հայտարարել է Ռուբիոն՝ նշելով այն տնտեսական հնարավորությունները, որոնք Հայաստանը կստանա TRIPP նախագծի իրականացման միջոցով։
Պետքարտուղարը նախագիծն անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հիմք։ Նա հայտարարել է, որ «հայ ժողովուրդը կլինի այս միջանցքի հիմնական շահառուն», որը կարող է «հեղափոխություն մտցնել Հայաստանի ռազմավարական դիրքում» և վերափոխել նրա տնտեսությունը։
Մայիսի 26-ին, Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել էր ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», ինչպես նաև «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»։
