Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին վերջերս կայացած Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորումը շարունակվում է՝ ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ քայլերով։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
