ԵՄ-ն կակտիվացնի աշխատանքը Հարավային Կովկասում կապերի ամրապնդման ուղղությամբ․ Մարթա Կոս

Եվրամիությունն ուսումնասիրում է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացման ուղիները՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում, X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ ամփոփելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցը։

«Այսօր կեսօրին արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում վերահաստատել եմ ԵՄ համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում։

Մենք ուսումնասիրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացման ուղիները։ Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը Հարավային Կովկասի հետ և նրա ներսում առևտրային և էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ պահպանելով Հայաստանի տնտեսական կապերը նրա մերձավոր հարևանների հետ»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:

Այսօր ավելի վաղ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Մարթա Կոսի հետ։ Նրանք գոհունակությամբ նշել էին ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկայի մասին, քննարկել էին ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:

Անդրադարձ էր կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս:

Leave a Comment