Դատախազությունը երկու հաղորդագրություն է տարածել Մարտի 1-ի գործի առնչությամբ։ Առաջինով հայտնում է, որ քրեական նոր գործ է հարուցել բանակային կորպուսների չորս նախկին հրամանատարների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, ինչը, ըստ դատախազության, էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Մեկ այլ հաղորդագրությամբ՝ դատախազությունը հաղորդել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը՝ որդին, տուժող է ճանաչվել։
Մարտի 1-ի գործի բացահայտումը նախընտրական բանավեճի առանցքային թեմաներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է պատժել մեղավորներին ու պնդում, որ «գործը 100 տոկոսով բացահայտված է»։ Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է՝ իշխանությունը 7 տարում չի ցանկացել կամ չի կարողացել բացահայտել գործը։
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։ 2025 թվականի օգոստոսի 14-ին էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել էին դատարան, որտեղ ընթանում են հիմնական դատալսումները: Ապրիլի 27-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված, սակայն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն նույնպես տուժող ճանաչելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը, և Սաշա Աֆյանի գործով՝ Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող, քանի որ ինքը Սաղաթելյանը մահացել է։
Սա Մարտի 1-ի վերաբացված գործով երկրորդ զարգացումն է վերջին երկու օրվա ընթացքում։ Նախօրեին էլ դատախազությունը հաղորդել էր, որ քրեական նոր գործ է հարուցել բանակային չորս կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ։ Ըստ հաղորդագրության՝ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանը, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Վալերի Գրիգորյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը և 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, որը «էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ»։ Մեջբերում հաղորդագրությունից․
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մեղադրյալները՝ բանակային 4 կորպուսների հրամանատարները, օժանդակել են պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»։
Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ նախորդ աշնանից, երբ ՄԻԵԴ-ը հրապարակեց «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ արձանագրելով մի շարք խախտումներ։ Դրանցից ամենաառանցքայինն այն է, որ միջազգային դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է 2008-ի մարտի 1-ին զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և, որ պետությունն է պատասխանատու զոհերի մեծ մասի մահվան համար: Աննա Վարդապետյանը ԱԺ-ում մանրամասնել էր, որ հենց ՄԻԵԴ-ի որոշ արձանագրումների հիմքով է դատախազությունը նոր մեղադրանքներ ներկայացրել․
«Կան դատարան ուղարկված նոր մեղադրանքներ, որոնք, ի տարբերություն Մարտի 1-ի մյուս մեղադրյալների վերաբերյալ գործերին արդեն դատաքննության փուլն են հատել, այսինքն՝ սկսել են ապացույցները հետազոտվել։ Ես կցանկանամ ձեր ուշադրությունը հրավիրել վճռի 205-րդ կետում արձանագրված հանգամանքի վրա՝ Ֆարմանյանի գործով հենց, որտեղ դատարանը հստակ արձանագրում է, որ Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքները եղել են խաղաղ։ Սա այլևս արձանագրում է»։
Ցույցերի խաղաղ լինելու մասին ՄԻԵԴ-ի արձանագրումն է դատարան ուղարկված նոր՝ բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցման մեղադրանքի հիմքում՝ մանրամասնել էր գլխավոր դատախազը․
«Սրանք համարվում են խոշտանգումներ կամ խոշտանգումներին հավասարեցված վարքագիծ, այսինքն՝ բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցում, և դա է պատճառը, որ ի տարբերություն մի քանի տարի առաջվա իրավիճակի, երբ որ մենք չունեինք Վճռաբեկ դատարանի 2023 թվականի որոշումը, Վիրաբյանի վրա հենված, երբ չունեինք Ֆարմանյանի գործով Եվրոպական դատարանի ուղենիշային վճիռը, մենք ունենք որոշակի իրավական անորոշություն՝ այստեղ վաղեմության ժամկետներ կիրառելի՞ են, թե՞ ոչ։ Բայց Եվրոպական դատարանի վճիռը շղթայական գործողությունների պատճառական կապերը իրար հետ տրամաբանորեն թղթակցելով, ի վերջո մեզ հիմք է տալիս ասելու, որ մենք գործ ունենք բռնությամբ զուգորդված իշխանությունների լիազորությունների անցման հետ, որը անժամկետ հանցագործություն է»։
Մարտի 1-ի թեման, ի դեպ նաև խորհրդարանական ընտրությունների քարոզչության հիմնական առանցքներից մեկն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրողներին խոստացել է պատժել մեղավորներին ու արդարություն հաստատել․
«Մարտի 1-ը բացահայտված է, 100 %-ով է բացահայտված, բոլոր մանրամասներով է բացահայտված, այլ բան, որ մեր իրավական համակարգը, պետք է բերի օրինական իրավական պատասխան։ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ- կոնկրետ, պետք է նստի»։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով արդարացվեց 2021-ին։ Ոչ այն պատճառով, որ դատարանն ապացուցեց վերջինիս անմեղությունը, այլ Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Քոչարյանի փաստաբանները դիմել էին վերջինիս՝ խնդրելով քննել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը, որով մեղադրվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Դրական որոշում ստանալուց հետո առաջին ատյանի դատարանն արդարացրեց մեղադրյալներին, բայց այս որոշումն ուժի մեջ չմտավ: Վճռաբեկը բեկանեց այն՝ գործն ուղարկելով նոր քննության: 2024-ին արդեն դատախազը միջնորդել էր վերաբացել գործը նոր՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։ Քոչարյանն ինքը մինչդեռ բազմիցս մեղադրել է իշխանությանը՝ գործն ըստ էության չբացահայտելու համար։
«Ավելի քան 7 տարի գործադիր իշխանությունը և քննչական մարմինները ենթակա են վարչապետին։ Բացահայտեք, հենց առաջին դատական նիստին՝ մարտի 1-ի հետ կապված իմ փաստաբանները պնդում էին՝ բացահայտեք, սխալ ուղղությամբ են գնում, սրանով չպետք է զբաղվեք․․․չեն բացահայտում»։
Քոչարյանն այլ դիտանկյունից էր մեկնաբանել նաև ՄԻԵԴ–ի վճիռը՝ պնդելով, թե այն վկայում է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար․
«Այդ հայցը եղել է 2011 թ․-ին, ես արդեն 3 տարի նախագահ չէի, և 2011-ից մինչև այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար»։
Փաշինյանի ձևակերպմամբ՝ ՄԻԵԴ–ի վճիռը գործելու ազատություն է տալիս իշխանությանը․
«Ինչու եմ ավելի ազատ խոսում, նախկինում միշտ կաշկանդված եմ եղել, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ տվել է գնահատականներ, և հիմա ես՝ որպես Մարտի 1-ի գործով դատապարտված և հետագայում արդարացված մարդ, կարող եմ ասել, որ արդարությունը պետք է տեղ հասնի։ Չի կարող այլ կերպ լինել, այո, կան անձնական պատասխանատուներ»։
2008 թ․ նախագահական ընտրություններից հետո հանրության մի մասը բողոքի տևական ակցիաներով և հանրահավաքներով վիճարկում էր պաշտոնական արդյունքները։ Մարտի 1-ի վաղ առավոտյան իրավապահներն ուժային գործողություններ կատարեցին Ազատության հրապարակում, նույն օրը՝ ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ընդդիմադիրների և իրավապահների բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց: