Նախընտրական շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներին զուգահեռ՝ հստակ հայտարարություններ և ազդակներ են սկսել հնչել նաև ԵՄ–ից։ Այս առումով միանգամից երկու անդրադարձ կա նախընտրական Հայաստանի իրավիճակին՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Անգամ մոտավոր ժամկետ է հայտարարվել, թե Հայաստանին երբվանից կարող են սպասել ԵՄ–ում։
Հայաստանի ներքաղաքական պայքարի աշխարհաքաղաքական «փոխհրաձգությանը» միացավ նաև ԵՄ–ն։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումները Եվրոպական միության կառույցները ընկալում են որպես ԱԺ ընտրություններին միջամտելու և արդյունքների վրա ազդելու փորձ։ Այդ համատեքստում ԵՄ կառույցները հանդես են գալիս պաշտոնական հայտարարություններով։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Անիտա Հիփերը պատահական չի համարել, որ ճնշումների համար Մոսկվան ընտրել է հենց նախընտրական պահը․
«Ռուսաստանը փորձում է վնասել Հայաստանի տնտեսությունը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին միջամտության և տեղեկատվական մանիպուլյացիայի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում»։
Եվրոպացի պաշտոնյան շեշտել է՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար և անկախ երկիր, իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր ուղին և գործընկերներին։ ԵՄ ներկայացուցիչն այս հայտարարությունն արել է, երբ ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանին հորդորել են հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելու ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Պաշտոնական Երևանն այդ առաջարկն արդեն «անտրամաբանական» է որակել։
Ռուսաստանի կողմից նոր բնույթի ճնշումների հավանականությունը մեծ է համարում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ միայն Հայաստանից արտահանվող ապրանքների և Հայաստանի «ուկրաինացման» սպառնալիքներին չենք բախվելու առաջիկա օրերին։ Այսինքն՝ այն ամենը ինչով հնարավոր է ազդել Հայաստանի ժողովրդի նյարդային համակարգի վրա օգտագործվում է։ Հունիսի 8–ից սկսած` հարաբերությունները որոշակիորեն կսկսեն աստիճանաբար վերադառնալ նախկին հուն, ինչը չի նշանակում, որ հիբրիդային գործողությունները Հայաստանի նկատմամբ վերջանալու է, բայց ծավալները էականորեն նվազելու են, և որոշակի դեպքերում մենք, իհարկե, նորից սրացումներ կտեսնենք։ Օրինակ, այն պահին, երբ TRIPP–ը կսկսի կառուցվել, այն պահին, երբ վիզաների ազատականացման գործընթացը իր հաջող հանգրվանին կհասնի։ Այսինքն` բոլոր այն պահերին, երբ Ռուսաստանի համար անցանկալի զարգացումներ տեղի կունենան, այդ հիբրիդային գրոհները կսաստկանան։ Բայց հենց այն, որ, օրինակ, Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, ցույց է տալիս, որ Ռուսաստանը, ամեն դեպքում, որոշակի «կարմիր գծեր» չի հատում»։
Ռուսաստանից կիրառվող ճնշումների և նպատակների տեսանկյունից միջազգային վերլուծական դաշտում վերջին օրերին ավելացել են համեմատությունները Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Ավելին՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը «Անվտանգության ճարտարապետություն» միջազգային համաժողովում «ամբողջությամբ իրատեսական» է համարել Հայաստանի դեմ ռուսական ագրեսիայի սցենարը։
Մինչդեռ հենց Հայաստանում այդ կարծիքին չեն։ Կոնֆլիկտաբան, արևելագետ Արսեն Խառատյանը Հայաստանի «ուկրաինացման» մասին խոսակցությունները անհիմն է համարում․
«Չնայած քայլում ենք բավականին բարակ սառույցի վրայով, այնուամենայնիվ, մենք կարողանալու ենք տևական ժամանակ խորացնել հարաբերությունները առանց կտրուկ շարժումների։ Լսում ենք, իհարկե, սպառնալիքներ, որոնք մեզ «մեր տեղն են փորձում դնել»՝ իմացեք ձեր չափը։ Գրեթե սրան ենք չէ՞ առերեսվում ամեն օր, բայց ես կարծում եմ, որ դրանք առավելապես սպառնալիքներ են, որոնք նաև ներքին սպառման խնդիր ունեն, որովհետև արդեն չորրորդ տարին Ուկրաինայում փաստացի ֆիասկո ապրող Ռուսաստանը երկու շաբաթում հատուկ գործողություն անվանված չորս տարուց ավելի է տևում։ Հասկանալի է դարձրել, որ այս, այսպես ասած, «մաշեցնող» պատերազմում Ռուսաստանը եկել է մի կետի, որտեղ թերևս ինչ–որ իմաստով տուպիկային է իրավիճակը և փորձեր է գտնում։ Հիմա ի՞նչ, մի հատ էլ երկրորդ ֆրոնտ պիտի բացեն մե՞զ հետ։ Ես դա ծիծաղելի եմ համարում և անհնարինին մոտ»։
Այս ընթացքում ԵՄ–ից Հայաստան է ուղղվել նաև մեկ այլ ազդակ։ Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆեռնան Կարթայզերը քիչ հավանական է համարել մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի շանսերը։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ շրջանակում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը մեծ մասամբ մնում է տեսական։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները հարևաններից առնվազն մեկի հետ, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր, ասել է եվրոպացի պատգամավորը։ Նա կարծում է, որ թեև վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները կայուն կերպով բարելավվել են, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է, քանի որ ԵՄ-ն այժմ առաջնահերթություն է տալիս Բալկանյան թեկնածու երկրներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության ճանապարհին չլուծված խնդիրներին։
Կարթայզերը հավելել է, որ առայժմ նախընտրելի կլինի ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը երկրի տնտեսությունը ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերը ակտիվացնելու համար։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։