Փչացած պղպեղի, վարդերի, ելակի դիմաց վճարելով՝ Փաշինյանը քվե՞ է ակնկալում

«Կառավարությունն արդեն որոշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում են արտահանման անարդար խոչընդոտներ, մենք կիրականացնենք աջակցության ծրագրեր», – ասել է  Նիկոլ Փաշինյանը։

«Պղպեղը փչանում է, վարդերը փչանում են, կառավարությունը կվճարի դրա համար, բայց արդյունքում Հայաստանում պղպեղի արտադրությունը կաճի, և արտահանումը նույնպես կաճի», – հավելել է նա։

Փաշինյանն ասել է,  որ Հայաստանն արդեն իսկ աշխատում է արտահանման նոր շուկաներ զարգացնելու ուղղությամբ, և պետական ​​օգնություն կտրամադրվի, երբ խոչընդոտները կապված չեն ապրանքի որակի հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափակումներ է դրել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման վրա՝ մրգեր, ձուկ, ծաղիկներ, «Ջերմուկ» հանքային ջուր, բանջարեղեն, խոտաբույսեր և ելակ: Ռոսսելխոզնադզորը որպես պատճառ նշել էր սանիտարական չափորոշիչների խախտումները:

Արգելքները մտցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ պաշտոնական Երևանի՝ արևմտյան երկրների և Եվրամիության հետ մերձեցման պատճառով։ Փաշինյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները «գտնվում են վերափոխման փուլում»։

Հանրության որոշ շրջանակների  ու հատկապես քաղաքական վերլուծաբանների, ընդդիմադիր ուժերի կարծիքով՝ Փաշինյանը որոշել է ապրանք արտահանողների վնասները հատուցել հունիսի 7-ին նրանցից քվե ստանալու ակնկալիքով։

Leave a Comment