Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի շտաբներում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի շտաբներում, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրել է, որ խուզարկությունները տեղի են ունեցել, մասնավորապես, Աշտարակում։ Սաղաթելյանի փոխանցմամբ՝ խուզարկություն է իրականացվել նաև Դաշնակցության գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։

«Իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու»,- ասել է նա։ 

Սաղաթելյանը միջազգային դիորդներին կոչ է արել համապատասխան գնահատականներ տալ և «կույր չձևանալ»։ 

Մայիսի 26-ին Հակակաոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փետրվարի 7-ից մայիսի 19-ն ընտրական գործընթացների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տարբեր ենթադրյալ հանցանքների կատարման կասկածանքով 94-ի նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որին կմասնակցի 18 քաղաքական ուժ։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։

Leave a Comment