Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայում ստացված ահազանգերի համաձայն, քաղաքացիները ստանում են բջջային հաղորդագրություններ, որոնք ուղարկվում են արտասահմանյան՝ +63 հեռախոսակոդով համարներից և ներկայացվում են որպես Հայաստանի ճանապարհային երթևեկության ոլորտին առնչվող պաշտոնական ծանուցումներ։
Հաղորդագրությունում նշվում է «Ճանապարհային երթևեկություն/Մեքենին գործերի նախարարություն» անվանումը, ներկայացվում է «Գործի համար՝ » նշումը և տեղեկացվում է, որ հասցեատերը ենթադրաբար ներգրավված է վարչական գործընթացում։ Տեքստում հիշատակվում են Ճանապարհային երթևեկության կանոնների կատարումը և վարչական իրավախախտումների հետ կապված դրույթներ, ինչպես նաև նշվում է, որ չարձագանքելու դեպքում կարող են կիրառվել լրացուցիչ միջոցներ։
Հաղորդագրության մեջ առկա է նաև հղում՝ roadpolice.icu/am, որով քաղաքացիներին առաջարկվում է ստուգել իրենց տվյալները և ծանոթանալ գործի մանրամասներին։ Iravaban.net-ը տեղեկացնումէ՝ Ճանապարհային ոստիկանության կայքը roadpolice.am-ն է
Ուշադրություն է գրավում այն փաստը, որ հաղորդագրությունը տարածվում է ոչ թե Հայաստանի պետական մարմիններին պատկանող պաշտոնական համարներից, այլ արտասահմանյան բջջային համարից։ Բացի այդ, հաղորդագրության տեքստում առկա են լեզվական և ձևակերպման անհամապատասխանություններ, ինչպես նաև պետական մարմինների անվանումների ոչ հստակ օգտագործում։
Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև տեղեկատվության իսկությունը պաշտոնական աղյուրներով ստուգելը, զգուշությամբ վերաբերվել նման հաղորդագրություններին, չբացել կասկածելի հղումները և որևէ անձնական կամ ֆինանսական տվյալ չմուտքագրել։