Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիաբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կդադարեցվի, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի ուղղությամբ։
Նա հավելել է, որ երկխոսության դադարեցումից բացի նաև վճռականորեն կարձագանքեն։
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետի տեղակալ Մոհամմադ Ջաաֆար Ասադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմական բախման վերսկսումն անխուսափելի է։
«ԱՄՆ-ն մեզանից պահանջում է կապիտուլյացիա։ Պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիան տարբերակ չէ։ Մենք պատրաստ ենք դրան և դրանում խնդիր չենք տեսնում, ուստի անհանգստանալու պատճառ չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն ներգրավվի հակամարտությունում»,- ասել է նա։
Ասադին նաև զգուշացրել է, որ Իրանը դեռևս ամբողջությամբ չի ցուցադրել իր ռազմական հնարավորությունները։
Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի կեսերին ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի 45 օրով։
