Նորվեգիայի հավաքականը առանց Հոլանդի հաղթել է Շվեդիայի ընտրանուն

Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում կայացած Նորվեգիա-Շվեդիա ստուգողական հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

9-րդ րոպեին Յորգեն Ստրանդ Լարսենը բացել է հաշիվը: 18-րդ րոպեին Անտոնիո Նուսան կրկնապատկել է առավելությունը: 37-րդ րոպեին Լարսենը դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով 3:0:

Երկրորդ խաղակեսն աչքի է ընկել տեսակրկնությունների համակարգի ակտիվ միջամտությամբ. մրցավարը չեղարկել է նորվեգացի Դավիդ Մյոլեր Վոլֆեի (61′) և շվեդ Սեբաստիան Նանասիի (80′) դիպուկ հարվածները: Չնայած դրան՝ շվեդներին հաջողվել է խուսափել չոր հաշվով պարտությունից. 76-րդ րոպեին հեղինակության գնդակը խփել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը:

Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր աստղ Էրլինգ Հոլանդը բաց է թողել այս հանդիպումը. մարզչական շտաբը որոշել էր հարձակվողին հանգստանալու հնարավորություն ընձեռել:

Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։

Նորվեգիայի հավաքականն ընդգրկված է I խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ֆրանսիայի, Սենեգալի և Իրաքի ընտրանիները:

Շվեդներն էլ F խմբում ուժերը կչափեն Նիդերլանդների, Ճապոնիայի և Թունիսի ընտրանիների հետ:

Leave a Comment