Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի գործը հասել է դատարան․ համայնքին պատճառվել է ավելի քան 104 մլն դրամի վնաս

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանը, ըստ մեղադրանքի, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ավագանու անդամների աջակցությամբ համայնքային գույքը ապօրինի փոխանցել է «X» ՍՊԸ-ին՝ վնաս պատճառելով ինչպես բնակարանային կարիք ունեցող ընտանիքների իրավունքներին, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի շահերին։ Քննությամբ պարզվել է, որ 113.900.000 դրամ արժողությամբ գույքն օտարվել է շուրջ 9.218.600 դրամով, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է ավելի քան 104.681.400 դրամի վնաս։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեում, այնուհետև 2026 թվականի մայիսի 25-ին մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին։  Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացությունը

Ռուբեն Ռուբենի Սինոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը և ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով մշտական հիմունքներով իշխանության ներկայացուցչի, կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով իրավական նշանակություն ունեցող իրավահարաբերություններ առաջացնող, դադարեցնող կամ փոփոխող գործողություններ կատարելու՝ համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու լիազորությամբ, այլ անձանց օժանդակությամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից.
Այսպես՝
ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» ՊՓԲ ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացվել և «իր միջոցներով շենքը բնակելի վերակառուցելու և համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքներին հատկացնելու՝ շենքի բնակելի տարածության 10 տոկոսը Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը թողնելու պայմանով» սեփականության իրավունքով Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին է հանձնվել Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող, 9.218.600 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով 16 պոլիկլինիկայի անավարտ շենքը։

ՀՀ կառավարության հիշյալ որոշման ուժով թաղային համայնքի ղեկավարը, պարտավորություն ունենալով թաղային համայնքին հանձնված պոլիկլինիկայի անավարտ շենքը բացառապես վերկառուցելու բնակելիի ու այն հատկացնելու համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքներին, իսկ դրա 10 տոկոսը թողնելու Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություն, որի լիազորությունը որևէ մեկը չի ունեցել, մասնավորապես՝ 2002 թվականի օգոստոսի 30-ին կայացած Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու նիստի քննարկմանն է ներկայացրել վերը նշված շինությունը «Տարոն» գեղագիտական կենտրոնին օտարելու հարցը, որի հիման վրա նույն օրը ավագանին կայացրել է թիվ 44 որոշումը, որով հավանության է արժանացել ներկայացված առաջարկությունը:

Այնուհետև՝ 2003 թվականի մարտի 14-ին, Ռուբեն Սինոյանի կողմից թաղապետարանի համայնքի ունեցվածքի տնօրինման բաժնի առաջին կարգի մասնագետ Ռ․Մ․-ին տրված թիվ 31/01-ԵԼ82 ելքագրմամբ լիազորագրի հիման վրա 2003 թվականի մայիսի 5-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր «Քանաքեռ-Զեյթուն» թաղապետարանի և «X» ՍՊ ընկերության միջև, որով Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող, 16 պոլիկլինիկայի անավարտ շինությունը 9.218.600 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով օտարվել է «X» ՍՊ ընկերությանը։

Այսպիսով, Ռուբեն Սինոյանը, ի պաշտոնե ունենալով համայնքի բնակիչների շահերից գործելու պարտականություն, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և ավագանու անդամների օժանդակությամբ ոչ իրավաչափորեն համայնքի սեփականությունը համարվող գույքը փոխանցել է «X» ՍՊ ընկերությանը, որի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին և օրինական շահերին՝ վերջիններիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանի օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ վերջինին զրկելով Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար դրա 10 տոկոսը տնօրինելու հնարավորությունից, ինչպես նաև Ռուբեն Սինոյանի դիտավորյալ գործողությունների արդյունքում համայնքի հաշվեկշռում հաշվառված առանձնապես խոշոր չափերի՝ 113.900.000 (մեկ հարյուր տասներեք միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքն օտարվել է անհամեմատ ցածր արժեքով՝ 9.218.600 ՀՀ դրամով՝ առաջացնելով ծանր հետևանքներ և համայնքին պատճառելով 104.681.400 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

Ռուբեն Սինոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածի 22-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 3-ր մասով։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։

Գործի հետագա ընթացքը

Գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեում և 2026 թվականի մայիսի 25-ին առաջին անգամ մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություններ Դատալեքս համակարգում առայժմ հրապարակված չեն։

 

Leave a Comment