Մայիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանում նոր քրեական գործ է ստացվել պետական միջոցների հաշվին առանձնապես խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Գործը նույն օրը մակագրվել է և հանձնվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Արայիկ Սարգսյանի քննությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացությունը
Գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն՝ Հայկ Վոլոդյայի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի պետական հայեցողական պաշտոնը և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 6-7-րդ կետերով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 15-րդ կետերով նախատեսված դրույթների ուժով հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, նույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ իրեն և Վահե Պետրոսյանին պատկանող ու նրանց կողմից փաստացի ղեկավարվող՝ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանն այլ ձևով հովանավորելու և արտոնություններ ու առավելություններ տրամադրելու եղանակով ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, մի խումբ անձանց հետ հանցակցությամբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության բեռն ապօրինի նվազեցնելու և այդ կերպ ՍՊ ընկերության գույքային ֆոնդն ավելացնելու միջոցով խարդախությամբ՝ խաբեության եղանակով խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 529.533.000 ՀՀ դրամի չափով, վարկի մասնակի մարումից, ինչպես նաև՝ դրդել է պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում:
Այսպես.
Հայկ Դավթյանը 2004 թվականի նոյեմբերի 9-ից 2013 թվականի հոկտեմբերի 1-ը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականի, իսկ ՀՀ վարչապետի 2014 թվականի մայիսի 5-ի թիվ 389-Ա որոշմամբ մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնները:
Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար ՀՀ վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի N 194-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետև՝ միջգերատեսչական հանձնաժողով) և սահմանվել վերջինիս կազմը, որպիսի իրավական ակտով հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարը, իսկ Հայկ Դավթյանը հանդիսացել է նրա խորհրդականը:
Հայկ Դավթյանը 2013 թվականից հանդիսացել է «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության 81.74 % բաժնեմասերի փաստացի սեփականատեր, որոնք գրանցել է իր մտերիմներ ու ազգական՝ Խորեն Գինոսյանի, Աղասի Մաթևոսյանի և Համլետ Մկրտիչյանի անվամբ, համապատասխանաբար՝ 12 %, 28.74 % և 41 % բաժնեմասով և կազմակերպության մյուս բաժնետեր Վահե Պետրոսյանի հետ միասին փաստացի կազմակերպել է ընկերության գործունեության կառավարումը:
Այդ ընթացքում, հաշվի առնելով «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից միջգերատեսչական հանձնաժողովին առաջարկված ծրագիրը և միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները՝ ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 342-Ա և 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1333-Ա որոշումներով հաստատվել են համապատասխանաբար՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 և Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրերից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագրերը, որոնցով Հայկ Դավթյանին պատկանող «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությունը ներգրավվել է որպես ծրագրերն իրականացնող կազմակերպություն:
Ծրագրի իրականացման շրջանակում «Դի ընդ Էյջ գրուպ» ՍՊ ընկերությանը 2013 թվականին տրվել է 10 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված N 6/2015 վարկային պայմանագրով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվել է 10 մլն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ:
Դրանից հետո՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ից, ՀՀ վարչապետի աշխատակազմում պաշտոնեական շրջանառության մեջ է դրվել «Վարկային պարտավորության դիմաց գույք ընդունելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և տեղեկանք-հիմնավորումը, որով նախատեսվել է առաջարկել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի գրավառու ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությամբ, «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության հետ կնքել հրաժարագնի պայմանագիր՝ ՀՀ հանդեպ վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեի 1641քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը գնահատված արժեքով Հայաստանի Հանրապետությանն օտարելու վերաբերյալ, որը նախատեսվել է ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն պետական կառավարչական հիմնարկին:
Տեղեկանք-հիմնավորմամբ, խեղաթյուրելով իրականությունը, արձանագրվել է, որ քննարկվող տարածքի ձեռքբերման հարցով 2016 թվականին հետաքրքրված է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մինչդեռ նախարարության կողմից քննարկվող գույքի ձեռքբերման հարցով երբևէ որևէ գործընթաց նախաձեռնված չի եղել: Բացի այդ, նշվել է, որ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հաստատված՝ ձախողված կառուցապատումներից շուրջ 700 ընտանիքների կորուստների վերականգնման ծրագրեր իրականացնող կազմակերպություն, որի իրականացման նպատակով ՍՊ ընկերությանը 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրել 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ, որի շրջանակներում, ի թիվս այլ գույքերի, քննարկվող տարածքը ևս գրավադրվել է ՀՀ ֆինանսների նախարարության օգտին:
Վերոգրյալի հիման վրա առաջարկվել է Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի 1641քմ հասարակական նշանակության տարածքը պետության կողմից տրամադրված վարկի մասնակի մարման կարգով գնահատված արժեքով օտարել պետությանը, որով մի կողմից կմեղմանա ծրագիր իրականացնողի՝ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության վարկի սպասարկման առաջիկա տարիների տոկոսային բեռը, իսկ մյուս կողմից՝ պետությունն առանց ընթացիկ տարվա պետական բյուջեից ծախս կատարելու, պետական կազմակերպությունների կարիքների համար ձեռք կբերի Երևանի կենտրոնում տեղակայված՝ 220 աշխատատեղի հնարավորությամբ գրասենյակային տարածք:
Կառավարության որոշման նախագիծը և կից փաստաթղթերի փաթեթը ՀՀ կառավարությունից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետին՝ նախագծի շուրջ կարծիք հայտնելու նպատակով: Հայկ Դավթյանը վերջինիցս ակնկալել է իր կողմից փաստացի կառավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության համար կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դրական կարծիք հայտնելը և ծրագրի կենսագործումն ապահովելը:
Նախագծի առնչությամբ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացված գրությամբ հայտնվել է, որ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ներկայացրած առաջարկի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ որոշման կայացման հիմքը պետք է հանդիսանա կառավարության կարիքների համար պետական մարմինների կողմից գույքի ձեռքբերման հիմնավորումը և առաջնայնությունը, այսինքն՝ եթե կառավարությունն իր գերակայությունների շարքում ունի նմանատիպ տարածքների ձեռքբերման նախապատվության խիստ անհրաժեշտություն և դրա դիմաց վճարումն իրականացվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա անկախ նրանից՝ վճարումը կիրականացվի բյուջետային ծախսերի ճանապարհով, թե բյուջե մուտքագրված եկամուտների միջոցով, տվյալ գործարքը բյուջեի վրա կունենա նույն ազդեցությունը:
Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ վարչապետի 2011 թվականի հունիսի 22-ի N 579-Ա որոշմամբ 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով պետական գույքի կառավարման և մասնավորեցման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն իրականացնող գործադիր իշխանության հանրապետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, 2000 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը լիազորություններ տալու մասին» N 731 օրենքի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 822-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով, ի թիվս այլնի, ունենալով պետական գույքի կառավարման վարչությունը կառավարելու, վարչության ընթացիկ գործունեությունը ղեկավարելու, վարչությանը վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացումը կազմակերպելու և վերահսկելու, լիազորված բնագավառում քաղաքականություն մշակելու և իրականացնելու, գերատեսչական իրավական ակտեր ընդունելու, իր իրավասության սահմաններում հրամաններ արձակելու և ցուցումներ տալու, առանց լիազորագրի Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու, պաշտոնի նշանակելու և ազատելու, վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները սահմանելու, վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ, և ըստ այդմ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2017 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ի կատարումն «Վարկային պարտավորության դիմաց գույք ընդունելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիք տրամադրելու մասին հանձնարարականի, իր ղեկավարած՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կազմում գործող՝ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով գույքի գնահատում կատարելու եղանակով ՀՀ կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնող Հայկ Դավթյանի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, նրա օգտին գործողություններ կատարելու շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությամբ առաջարկել է ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման արժեքը ներառել ՀՀ կառավարության որոշման նախագծում՝ նպատակ հետապնդելով իր ծառայողական լիազորությունների չարաշահման արդյունքում նշված գույքի համար սահմանել շուկայականից զգալիորեն բարձր գին՝ ըստ դրա որոշելով նաև վարկային պարտավորության գումարի հնարավոր նվազման սահմանաչափը:
Վերը նշված հասցեի տարածքը շուկայականից հնարավորինս բարձր գնով պետությանն օտարելու նպատակն իրագործելու համար Երևանի քաղաքապետը, հիմք ընդունելով «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գրությունը, 2017 թվականի նոյեմբերի 2-ին որոշում է կայացրել ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին, համաձայն որի՝ թույլատրվել է Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի ½ շենքի 296 տարածքին կից՝ 898.48 քմ մակերեսով հողամասը գոյություն ունեցող օբյեկտի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով՝ 14.803.398 ՀՀ դրամով, օտարել «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍԻՊ ընկերությանը, որի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2017 թվականի նոյեմբերի 6-ին, իսկ ՀՀ կադաստրի կոմիտեում իրավունքների պետական գրանցումը կատարվել է 2017 թվականի նոյեմբերի 14-ին:
Արտեմ Ջանիկի Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ նախագահի 2017 թվականի մայիսի 31-ի թիվ ՆՀ-427-Ա հրամանագրով զբաղեցնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունն իրականացնող՝ գործադիր իշխանության հանրապետական մարմնի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով, ի թիվս այլնի, ունենալով նախարարության ընթացիկ գործունեությունը ղեկավարելու, նախարարությանը վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացումը կազմակերպելու և վերահսկելու, լիազորված բնագավառում քաղաքականություն մշակելու և իրականացնելու, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացումն ապահովելու, գերատեսչական իրավական ակտեր ընդունելու, օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ նախատեսված նախարարության գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելու, իր իրավասության սահմաններում հրամաններ արձակելու և ցուցումներ տալու, առանց լիազորագրի Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորություններ, և ըստ այդմ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով գործադիր մարմնի ղեկավարումը, նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթներն իրականացնել բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ նախարարության, մասնակցելով ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի նիստին, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոն զբաղեցնող Հայկ Դավթյանի կողմից փաստացի ղեկավարվող «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍԻՊ ընկերության գույքային դրությունը բարելավելու նպատակով, պաշտոնեական դիրքը, իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես նախարար՝ անտեսելով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի 296 հասցեի անշարժ գույքի բնութագիրը Համաշխարհային բանկի կողմից 2015 թվականին նախանշված և իր իսկ կողմից տրված հրամանով հաստատված չափորոշիչներին ակնհայտորեն չհամապատասխանելու հանգամանքը և քաջ գիտակցելով, որ այդ գույքը չի կարող ընդունվել Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության հիշյալ նիստի ընթացքում առարկություններ չի ներկայացրել և համաձայնություն է տվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ՀՍԾՏԿ) ստեղծելու համար ակնհայտ չհամապատասխանող հիշյալ գույքը պետության կարիքների համար ձեռք բերելուն:
Այսպիսով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ վերը նկարագրված գործողությունների արդյունքում պետությունը զրկվել է «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն բյուջետային վարկից ընդհանուր 529.533.000 ՀՀ դրամ գումարը ստանալու օրինական հնարավորությունից, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, որը դրսևորվել է առանձնապես խոշոր չափերի՝ 529.533.000 ՀՀ դրամ գումար պետությունից հափշտակելու տեսքով, ինչպես նաև հեղինակազրկվել է պետական կառավարման մամին հանդիսացող հիշյալ գերատեսչությունը:
Ի կատարումն ՀՀ կառավարության 09.11.2017թ. թիվ 1436-Ա որոշման՝ ՀՀ ֆինանսների նախարարության և «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊ ընկերության միջև 2017 թվականի նոյեմբերի 22-ին կնքվել է «Պարտավորության դիմաց սեփականության իրավունքով անշարժ գույք հանձնելու (հրաժարագնի) մասին» պայմանագիր, իսկ վերջինիս հիման վրա՝ «Բյուջետային վարկի մասնակի մարման մասին» համաձայնագիր, որի արդյունքում ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկի գումարը նվազեցվել է 1.240.423.000 ՀՀ դրամին համարժեք 2.553.676.86 ԱՄՆ դոլար գումարի չափով:
2017 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Արա Կարամանուկյանի միջև կնքվել է հանձնման-ընդունման ակտ, որով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 117-Ա/1 հրամանով ստեղծված հանձնաժողովը, որպես պետական սեփականություն, ընդունել է Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի 296 հասցեի շինությունը և կից 0.1030 հա մակերեսով հողատարածքը, որը հետագայում ամրակցվել է ՀՀ ԱՍՀՆ-ին: Դրա արդյունքում Հայկ Դավթյանը պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 529.533.000 ՀՀ դրամ գումար:
2019 թվականի ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում Համաշխարհային բանկի թիմը նպատակահարմար չի համարել վերոնշյալ տարածքում ստեղծել համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այն պատճառաբանությամբ, որ տարածքը ձեռք բերելիս բնակչության հետ հանրային քննարկումների չեն իրականացվել, համեմատաբար մեկուսացված վայրում է գտնվում, բնական լուսավորությունը ոչ բավարար է, հարակից տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ, առկա է շինանյութի պահեստ։
Արդյունքում, Հայկ Դավթյանի, Արամ Կարամանուկյանի, Արման Սահակյանի, Արմեն Թոփչյանի և Արտեմ Ասատրյանի վերը նկարագրված հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ կարիքների համար ձեռքբերման նպատակային նշանակությանն ակնհայտ չհամապատասխանող 710.890.000 ՀՀ դրամ իրական շուկայական արժեքով անշարժ գույքը խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու և օժանդակելու, կեղծիքի արդյունքում 1.240.423.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը, որի դիմաց «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը ՀՀ պետական միջոցներից տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկը նվազեցվել է 1.240.423.000 ՀՀ դրամին համարժեք 2.553.676.86 ԱՄՆ դոլար գումարի չափով՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529.533.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է առանձնապես խոշոր չափերի՝ 529.533.000 ՀՀ դրամ գումարը պետության առջև ծառացած խնդիրների համար օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև հեղինակազրկվել են պետական կառավարման մամին հանդիսացող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
Արմեն Մելիսի Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի դրությամբ զբաղեցնելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱ կազմակերպության պետական գույքի գնահատման բաժնի ավագ փորձագետի պաշտոնը, կեղծ գնահատման հաշվետվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Արման Սահակյանի կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը:
Մասնավորապես՝ Արմեն Թոփչյանը, հանդիսանալով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պետական գույքի գնահատման բաժնի ավագ փորձագետ և օժտված լինելով գույքի շուկայական արժեքի որոշման, ապա նաև դրա հիման վրա գնահատման հաշվետվություն ներկայացնելու լիազորությամբ, այդ գերատեսչության ղեկավար Արման Սահակյանի կողմից խմբային շահերից ելնելով՝ Հայկ Դավթյանի օգտին գործողություններ կատարելուն՝ միջոց տրամադրելու եղանակով օժանդակելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի նոյեմբերի 3-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է սեփականության իրավունքով «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍԻՊ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու ½ շենքի 296 հասցեում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև՝ գնահատման ժամանակահատվածի դրությամբ դեռևս Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ծիծեռնակաբերդի խճուղու ½ շենքի 296 հասցեին կից՝ Երևանի քաղաքապետի 02.11.2017թ. թիվ 3881-Ա որոշմամբ օտարման ենթակա հողամասից և ընկերության՝ նույն տարածքում ունեցած 802.5 քմ մակերեսով հողամասից փաստացի միավորման արդյունքում ձևավորված 0.1030 հա չկառուցապատված հողամասի շուկայական արժեքի գնահատում, որի արդյունքում օգտագործման նպատակով կեղծել և հանձնել է իրավունք վերապահող, իրավաբանական փաստ հավաստող պաշտոնական փաստաթուղթ, այն է՝ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: Արմեն Թոփչյանը, դրանում որպես համեմատական ընդունելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցների անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, ընդհանուր 710.890.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը (որից 659.450.000 ՀՀ դրամը՝ շինության, իսկ 51.440.000 ՀՀ դրամը՝ հողամասի շուկայական արժեքն է) 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ գնահատել է անհամեմատ բարձր՝ 1.240.423.000 ՀՀ դրամ (որից 1.025.029.000 դրամը՝ շինության, 215.394.000 ՀՀ դրամը՝ հողամասի արժեքն է):
Այսինքն, Արմեն Թոփչյանի կողմից կազմված գնահատման կեղծ հաշվետվության արդյունքում գնահատված և պարզված շուկայական արժեքների տարբերությունը կազմել է 529.533.000 ՀՀ դրամ, որից 365.579.000 ՀՀ դրամը՝ անշարժ գույքի արժեքի, իսկ 163.954.000 ՀՀ դրամը՝ հողամասի արժեքի տարբերությունն է:
Այնուհետև՝ 2017 թվականի նոյեմբերի 8-ին Արմեն Թոփչյանը հիշյալ կեղծ գնահատման հաշվետվությունը հանձնել է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանին՝ այդ կերպ իրացնելով և շրջանառության մեջ դնելով ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող փաստաթուղթ:
Դրանից հետո Արման Սահակյանը ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգով սահմանված դրույթների ուժով ունենալով կառավարության քննարկմանը միայն հիմնավորված և արժանահավատ նախագծեր ներկայացնելու, ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ համաձայնեցնելու, իսկ նույն ժամանակահատվածում գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ կառավարության որոշումների նախագծերի քննարկմանը ներկայացվող վերջնական տարբերակաները պետական իրավական փորձաքննության և փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկելու պարտականություններ, ստանալով իր ենթակայության ներքո գործող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱ կազմակերպության փորձագետ Արմեն Թոփչյանի կողմից կազմված՝ գույքի գնահատման հիշյալ ակնհայտ կեղծ հաշվետվությունը, դրանով նշված՝ գույքի գնահատված արժեքի վերաբերյալ կեղծ տվյալները ներառել է «Վարկային պարտավորության դիմաց գույք ընդունելու մասին» կառավարության որոշման նախագծում, որը դիտավորությամբ չի ուղարկել պետական իրավական փորձաքննության:
Միաժամանակ, գույքի ձեռքբերման անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով նախագծում նշվել է, որ գույքը ամրակցել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) գրասենյակ հիմնելու համար և դա այն պայմաններում, երբ Համաշխարհային բանկի կողմից 2015 թվականին նախանշված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ 06.02.2015թ. թիվ 24-Ա/1 հրամանով հաստատված չափորոշիչներին քննարկվող շենքը չի համապատասխանել, այն է՝ բնակավայրի կենտրոնական մասում չի գտնվել, համեմատաբար խիտ բնակչություն ունեցող, հանրային տարբեր ծառայություններին մոտ, բնակչության համար մատչելի և հասանելի վայրում տեղակայված չի եղել:
Դրանից հետո՝ 2017 թվականի նոյեմբերի 9-ին նախագիծն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին:
Նախագիծը որպես չզեկուցվող հարց նույն օրը ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի նիստում և Արման Սահակյանի զեկուցմամբ քննարկվել, որի վերաբերյալ ընդունվել է «Վարկային պարտավորության դիմաց գույք ընդունելու մասին» ՀՀ կառավարության 09.11.2017թ. թիվ 1436-Ա որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության հետ կնքել հրաժարագնի պայմանագիր՝ ՀՀ հանդեպ 2015 թվականի սեպտեմբերի 29-ի՝ թիվ 6/2015 վարկային պայմանագրով տրամադրված վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերության սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի 296 հասցեի 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից՝ 0.1030հա չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1.240.423.000 ՀՀ դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին հավասար գնով Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին: Նույն որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է հիշյալ վարկային պայմանագրով «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկի հիմնական գումարից հրաժարագնի գումարի չափով կատարել մասնակի մարում, իսկ ձեռք բերված անշարժ գույքն ամրացնել «Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Արամ Ներսեսի Կարամանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի դեկտեմբերի 13-ից զբաղեցնելով «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, միջոց տրամադրելու եղանակով օժանդակել է Հայկ Դավթյանին խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելուն, մասնավորապես՝ դեռևս 2015 թվականին ՍՊ ընկերությանը տրամադրված 10 մլն ԱՄՆ դոլար բյուջետային վարկային պարտավորության դիմաց Հայաստանի Հանրապետությանը տրամադրման ենթակա անշարժ գույքի իրական արժեքի համեմատությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով էականորեն բարձր արժեքով գնահատումն ապահովելու, ապա այդ գույքի հաշվին ՍԻՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության բեռը նվազեցնելու և այդ կերպ խաբեությամբ պետության միջոցների հաշվին ՍԻՊ ընկերության գույքային ֆոնդն ավելացնելու շուրջ Հայկ Դավթյանի հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ 2017 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Ստեփանյանին ներկայացրել է դիմում՝ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու ½ շենքի 296 տարածք հասցեի, ինչպես նաև՝ իբր սեփականության իրավունքով ՍԻՊ ընկերությանը պատկանող՝ հարակից 1030 քմ մակերեսով հողամասի գնահատում այն դեպքում, երբ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին» Երևանի քաղաքապետի՝ 2017 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 3881-Ա որոշման հիման վրա 2017 թվականի նոյեմբերի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագրով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է 2017 թվականի նոյեմբերի 14-ին:
Այնուհետև, Արամ Կարամանուկյանը, «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Ստեփանյանի հետ 2017 թվականի նոյեմբերի 3-ին կնքել է վճարովի ծառայությունների մատուցման N17/11/01 պայմանագիրը՝ Ընկերության կողմից 300.000 ՀՀ դրամի վճարման դիմաց ներկայացվող անշարժ գույքերի գնահատում ապահովելու վերաբերյալ, որպիսի գնահատման իրականացումը, Ստեփան Ստեփանյանի 03.11.2017թ. թիվ 481 հրամանով, հանձնարարվել է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պետական գույքի գնահատման բաժնի ավագ փորձագետ Արմեն Մելիսի Թոփչյանին:
Մեղադրական հոդվածները և ընտրված խափանման միջոցները
Հայկ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 442-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով, ինչպես նաև 310-րդ հոդվածով։
Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով։
Արտեմ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով։
Արմեն Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 457-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով։
Արամ Կարամանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Արման Սահակյանի և Արտեմ Ասատրյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ։
Գործի հետագա ընթացքը
Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում և 2026 թվականի մայիսի 27-ին առաջին անգամ մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություններ Դատալեքս համակարգում առայժմ հրապարակված չեն։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողները կամ մեղադրվողները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։