Թրամփը հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները՝ իր միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո, գրում է BBC-ին։

Թրամփի խոսքով՝ ինքը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը համաձայնել է զորքեր չուղարկել Բեյրութի հարավային շրջաններ։ «Հեզբոլլահը», նրա պնդմամբ, բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով փոխանցել է, որ պատրաստ է դադարեցնել Իսրայելի դեմ հարձակումները։

«Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են ինտենսիվ տեմպերով։

Սակայն ավելի վաղ Իրանի կիսապաշտոնական Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Թեհրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով իրականացվող բանակցային գործընթացը՝ Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով։

Հաղորդագրության համաձայն՝ Լիբանանում շարունակվող հարձակումները խախտել են հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի հետևանքով Իրանի բանակցային թիմը որոշել է կասեցնել հետագա շփումները։

Leave a Comment