«Վա՜յ, Ալպեն գոլդի գովազդի մեջի սարերը»․ առաջին անգամ Սալվարդ այցելողի աչքը հենց սա կարող է ֆիքսել, չնայած որ տեղացիների համար դրանք ուղղակի սարեր են, իրենց գյուղի սարերը։
Սալվարդն անտառազուրկ է, փոխարենը գյուղը շրջապատված է ալպյան մարգագետիններով։
Գյուղապետ Մովսես Մարգարյանը, ով մեղվապահ է, համագյուղացու համար փեթակ է ընտրում․ փնտրում են մայր մեղվին։
Սյունիքի մարզում՝ Աղոթարան (Սալվարդ) սարի ստորոտում՝ Սիսիան գետի Զայ (Զանգ) վտակի ափին ծվարած գյուղում մի քանի տասնյակ ընտանիք է ապրում․ մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Բնակիչները եկել են 1828 թվականին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։
Այստեղ պայմանները լավ են գյուղատնտեսությամբ, հատկապես՝ անասնապահությամբ զբաղվելու համար․ պատկերացրեք՝ ինչ որակի կլինի ամեն օր ալպյան մարգագետիններում արածող անասունի տված կաթը։
Ի դեպ, անասունին այստեղ ասում են ապրանք. Նորիկ պապն այսպես է մեկնաբանում դա՝ եթե վաճառականն իր ծախած ապրանքից է ապրելու միջոց ստեղծում, իրենք էլ կաթն ու միսն են վաճառում, կովն ու ոչխարն իրենց համար ապրանք է՝ ապրուստի միջոց։
Սահմանամերձ Սալվարդում օրը սկսվում է արևի ծեգից էլ շուտ։ Գյուղացիները սպասում են կաթի մեքենան գա՝ հանձնեն նախորդ օրը կթած կաթն ու անցնեն մյուս գործերին։
Կաթը հանձնելուց հետո Անդրեասյանների ընտանիքը սրճում է․ սրճելու արարողությունը օրվա ընթացքում ամեն հարմար պահի է լինում՝ որպես կարճ դադար աշխատանքի ընթացքում։
Պապու անունը ժառանգած փոքրիկ Նորիկը ուղեկցում է Մովսես հորեղբորը՝ անասունը (ապրանքը) սարը ուղարկելու գործում։
Գյուղի տարբեր ճանապարհներից ամեն մեկը դեպի գետափ է բերում իր կովերն ու ոչխարները:
Այստեղից հովիվը, ապրանքը (անասունը) նախիր ու հոտ դարձրած, կտանի սարը։
Գյուղի լավ պահպանված ավանդույթներից է միասին սեղան նստելը՝ տան մեծի գլխավորությամբ։
Քամին եռագույնը ծալել էր։
Վերջերս բացված գյուղի մանկապարտեզ 7 երեխա է հաճախում։
Առաջին դասարանի դասվար ընկեր Աննա Պողոսյանը սրտնեղում է, որ դպրոցն այս տարի փակվելու է։ Նա վստահ է, որ դպրոցը գյուղի սիրտն է, առանց աշակերտների, առանց նրանց շուրջ պտտվող աղմուկի գյուղում մի կարևոր ձայն ու գույն կպակասի։
Գյուղի դպրոցն այս տարի փակվելու է․ երեխաներն ուսումը կշարունակեն հարևան Աշոտավան գյուղում։
44-օրյա պատերազմին Սալվարդից երկու զոհ է եղել։
Տան հարսը՝ Մանեն, Սերինեի օգնությամբ, Արմանուշ տատի հունցած խմորով կուտապ է պատրաստում՝ հայկական ավանդական կերակուր՝ շրեշտով ու սոխով լցոնած։
Խաղի ժամ։
Մանկական խաղերին փոխարինելու են գալիս մեծական խաղերը․ նախընտրական քարոզարշավից անմասն չեն մնում անգամ հեռավոր գյուղերը։
Տիկին Այծումնիկը ցույց է տալիս շուշանի ու դորդոռի տարբերությունը:
Սերինեն, Նորիկն ու Մովսեսը Ֆրունզին (Հետքի թիմից) խնդրում են դրոնի թռիչքի բարձրությունից ցույց տալ գյուղի իրենց ուզած մասը։
Ձին գյուղում անխոխարինելի բան է․ շատ հատվածներում՝ միակ փոխադրման միջոցը։
Անասունը սարից իջնում է։
Երեխաները հորեղբայր Մովսեսի հետ եկել են գետի ափ՝ իրենց կովերին դիմավորելու։
Օրվա հիմնական գործերն ավարտվում են գոմում՝ սարից իջած կովերին կթելով, հորթերին կերակրելով։
Իրիկնանում է, Սալվարդ գյուղում բոլորն արդեն տանն են։
Անդրեասյանների ընտանիքը պատրաստվում է ընթրիքի։
Արևի ծեգից առաջ գյուղը կրկին կարթնանա ու ամեն ինչ նորից կսկսվի։
***
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ե․ Չարենց
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter