
Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 2-ից սահմանափակել է Հայաստանից կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծումը, գրել է Ria novosti-ն։
Սահմանափակումները վերաբերում են բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և թարմ խաղողին։ Դրանք կազդեն նաև նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տարանցման վրա։
Գերատեսչության տվյալներով՝ «վերջին շրջանում աճել է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կարանտինային ապրանքների հետ կապված խախտումների թիվը»։ «Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ բազմիցս տեղեկացրել է հայկական կողմին հայտնաբերված խնդիրների մասին՝ ընդգծելով, որ իրավիճակը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների բուսասանիտարական անվտանգությունը։
Ավելի վաղ՝ մայիսի 30-ից, Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից մի շարք մրգերի և բանջարեղենի ներմուծումը, իսկ մայիսի 22-ից՝ նաև ծաղիկների ներկրումը։