Բանտային սառը պատեր, մետաղե ճաղեր և լռություն, որը սովորաբար ընդհատվում է միայն կողպեքների ձայնով։ Սակայն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատկերն այլ էր։ Այնտեղ, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել, այսօր տարածվել է ամենաանսպասելի և ամենաջերմ ձայնը՝ երեխաների ծիծաղն ու կանչը։
Անազատության մեջ գտնվող հայրերը և նրանց որդիներն ու դուստրերը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հնարավորություն են ունեցել մի քանի ժամով մոռանալու պատիժն ու դատավճիռը՝ միախառնելով հեքիաթն ու իրականությունը, բանտային խուցն ու ընտանեկան ջերմությունը։ Ինչպե՞ս է անցել Հունիսմեկյան տոնը ճաղերից այն կողմ, և ինչի՞ մասին են երազում ամենախիստ մեկուսացման մեջ գտնվող ծնողները։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սառը, բետոնե պատերն անճանաչելիորեն փոխվել էին. դրանք արձագանքում էին ոչ թե բանտային լռությունը, այլ երեխաների անկեղծ ծիծաղը, ճիչերն ու հուզմունքը։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, խիստ ռեժիմի քրեակատարողական այս հիմնարկում արդարադատության պատմության մեջ թերևս ամենահուզիչ տեսարաններից մեկն էր հյուսվում. որդիներն ու դուստրերը եկել էին տեսակցության՝ գրկելու անազատության մեջ գտնվող իրենց հայրերին։
Արդեն երեք տարի անազատության մեջ գտնվող Վահագն Միրոյանի համար այս օրը կրկնակի խորհուրդ ուներ։ Նրա դուստրը՝ 4-ամյա Մարիամը, իր կյանքի առաջին քայլերն արել է հենց այստեղ՝ քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում։ Հայրը, հազիվ զսպելով հուզմունքը, իր միակ ցանկության մասին է խոսում.
«Այս պահին միակ երազանքս շուտ տուն հասնելն է, երեխայիս կողքին լինելը։ Բայց դե, քանի որ այսօր հունիսի մեկն է՝ երեխաների օրը, թող նրանք անհոգ լինեն։ Ես ուղղակի այս պահին չեմ կարող դա ապահովել, բայց գիտեմ՝ սա ժամանակավոր է»։
Աշոտ Ղարայանը ցմահ դատապարտյալ է։ Իր անցյալին ու քրեական գործին չի ցանկանում անդրադառնալ, բայց փաստում է՝ նման բան «Նուբարաշենում» երբեք չէր եղել։ Այսօր նրան տեսակցության էին եկել որդին, թոռներն ու եղբոր զավակները։
«Այսպիսի բան «Նուբարաշենում» առաջին անգամ է լինում, որ երեխաներին բերեն այստեղ։ Սա շատ հաճելի է և գովելի։ Երկար տարիներ մեկուսացման մեջ գտնվողների համար սա հրաշալի ադապտացման գործընթաց է։ Այս տարվա հունվարից մենք ինքնագործ մշակութային միավորում ենք ստեղծել, ինտելեկտուալ խաղեր ու տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում։ Հույս ունեմ՝ վաղաժամկետ ազատ կարձակվեմ և կկարողանամ աշխատանք գտնել»,
Աշոտը երկու երազանք ունի՝ շուտ հասնել ընտանիքին ու խաղաղություն երկրին։
«Տեր Հիսուսի տարիքին դատապարտվել եմ, արդեն 50-ն անց եմ. իմ ամենալավ տարիները ես թողել եմ այստեղ։ Կցանկանամ, որ միշտ ժպիտ լինի մեր երեխաների դեմքին, և խաղաղություն լինի»։
Երեխաների և հայրերի այս անսովոր հանդիպումը իրականություն է դարձել «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության ջանքերով։ Ճաղերից այն կողմ գտնվողներն ու նրանց երեխաները միասին դիտեցին Սամվել Խալաթյանի «Հրաշքի վերադարձը» մանկական ինտերակտիվ մյուզիքլ-ներկայացումը, որը բեմադրել էր «Էլ-մար» թատերական ստուդիան, բեմադրող՝ Արմեն Դալլաքյան։
Ներկայացման ավարտին հեքիաթն ու իրականությունը միախառնվեցին. փոքրիկները տոնական նվերներ ստացան։ Գրող Հայկ Աջապահյանը սեփական մակագրությամբ գրքեր նվիրեց երեխաներին։
Այս միջոցառումը կազմակերպվել էր «Նոր օր» վերասոցիալականացման ծրագրի շրջանակում, որի գլխավոր աջակիցն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։
Հատկանշական է, որ նույն ծրագրի շրջանակներում այժմ ակտիվորեն վերամասնագիտանում և դեպի հասարակություն վերադարձի քայլեր են անում Սյունիքի մարզում ապրող, պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 անձինք՝ ստանալով նոր կյանք սկսելու և սեփական ընտանիքների կողքին լինելու իրական հնարավորություն։