Ռուս-ուկրաինական պատերազմի չորրորդ տարում ուկրաինական անօդաչու սարքերն ավելի հաճախ են թիրախավորում Ռուսաստանի թիկունքում գտնվող նավթային, վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքները՝ փորձելով խաթարել ռազմական լոգիստիկան և մատակարարման շղթաները։
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը նման հարվածների թիրախում են հայտնվել Ռուսաստանի հարավային երկու կարևոր կետեր՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիր ու Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքները։ Ի՞նչ վնասներ են արձանագրվել, ինչպե՞ս են տեղի ունեցածը ներկայացնում ռուսական և ուկրաինական կողմերը։
Ռուս-ուկրաինական պատերազմում անօդաչու սարքերի կիրառումը շարունակում է մարտահրավերներ ստեղծել Ռուսաստանի թիկունքում գտնվող ռազմավարական ենթակառուցվածքների համար։ Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հերթական հարվածներն են հասցրել Ռուսաստանի հարավային շրջաններին՝ թիրախավորելով նավթային և նավահանգստային ենթակառուցվածքները։
Reuters-ի փոխանցմամբ՝ հարվածների թիրախում են հայտնվել Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի նավթաբազան, ինչպես նաև Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի նավահանգիստն ու վառելիքային ենթակառուցվածքները։ Ռուսական կողմի տվյալներով՝ երկու գոտիներում էլ հրդեհներ են բռնկվել։
Ուկրաինական աղբյուրները նշում են, որ Արմավիրում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել «Հարավային նավթային ընկերության» նավթաբազայում։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ կրակը հաջողվել է մեկուսացնել, իսկ տուժածներ չեն գրանցվել։
Արմավիրում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, որի հետ կապ էինք հաստատել, անվտանգային նկատառումներով հրաժարվեց մեկնաբանություն տալ, բացատրելով, որ նման թեմաների շուրջ հրապարակային խոսքը կարող է իրավական հետևանքներ, բայց չձայնագրելու և անունը չհրապարակելու պայմանով, փոխանցեց հետևյալը։
«Մեր հայկական համայնքն այստեղ բավականին համախմբված է։ Ամեն նման դեպքից հետո մարդիկ զանգահարում են իրար, հետաքրքրվում՝ բոլորը լա՞վ են, վնասներ կա՞ն, թե՞ ոչ։ Ընդհանուր առմամբ, կյանքը շարունակվում է իր հունով, բայց, իհարկե, նման գիշերներից հետո մի քանի օր մարդիկ ավելի շատ են խոսում անվտանգության մասին»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ռուսաստանի էներգետիկ և ռազմական նշանակության օբյեկտների դեմ իրականացված գործողությունները կատարվել են Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերի կողմից։ Ուկրաինական կողմը պնդում է, որ դրանց նպատակը ռուսական ռազմական լոգիստիկայի և վառելիքային ապահովման համակարգը խաթարելն է։
Արմավիրի հարվածներին զուգահեռ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել նաև Տագանրոգ քաղաքին։ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի տվյալներով՝ նավահանգստի տարածքում հրդեհվել են նավթատար բեռնանավը, վառելիքի պահեստավորման տարողությունը և վարչական շենքը։
«Մասնավոր տան վրա անօդաչու թռչող սարքի հարվածից երկու մարդ է տուժել։ Իսկ նավահանգստի տարածքում կրակ է բռնկվել տանկերում, վառելիքի ցիստեռնում և վարչական շենքում»։
Ավելի ուշ ռուսական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհը մարվել է, իսկ նավթամթերքների արտահոսք չի արձանագրվել։ Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան հայտնել է, որ քաղաքի նկատմամբ իրականացվել է զանգվածային օդային հարձակում, որի հետևանքով վնասներ են կրել ինչպես մասնավոր տները, այնպես էլ նավահանգստի և բեռնման ենթակառուցվածքների մի մասը։
«Այս գիշեր մեր քաղաքը ենթարկվեց զանգվածային օդային հարձակման։ Անօդաչու թռչող սարքի բեկորների մասնավոր տան վրա հարվածի հետևանքով տուժեցին մի տղամարդ և մի կին։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Վնասվածքներ են ստացել նավամատույցի բեռնման ենթակառուցվածքը և վարչական շենքը։ Հրդեհը մարվել է։ Նավթամթերքի արտահոսք չկա»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 127 անօդաչու թռչող սարք։ Դրանցից մոտ հիսունը՝ Ռոստովի մարզի երկնքում։ Հարձակումներ են գրանցվել նաև Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Ազովի ծովի և Ղրիմի ուղղությամբ։
Տեղական տելեգրամյան ալիքների և միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման գիշերը Արմավիրի բնակիչները հայտնել են պայթյունների ձայների և արդյունաբերական գոտու ուղղությամբ նկատվող հրդեհի մասին։ Նշվում է, որ քաղաքի տարբեր հատվածներում լսվել են նաև հակաօդային պաշտպանության համակարգերի ազդանշանները։
Վերջին ամիսներին ուկրաինական ուժերը պարբերաբար թիրախավորում են Ռուսաստանի նավթային և վառելիքային ենթակառուցվածքները։ Ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալությունը, հղում անելով մասնագիտական գնահատականներին, հայտնում է, որ մայիսին Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությունը նվազել է մոտ 10 տոկոսով՝ նավթավերամշակման օբյեկտների դեմ իրականացված անօդաչու հարվածների հետևանքով։ Մեր հայրենակցի գնահատմամբ՝
«Եթե առաջ նման լուրերը մեծ անհանգստություն էին առաջացնում, ապա հիմա մարդիկ կարծես սովորել են այդ իրականությանը։ Դա չի նշանակում, որ չեն անհանգստանում, պարզապես արդեն գիտեն՝ ինչպես արձագանքել նման իրավիճակներում։ Հայկական համայնքում էլ հիմնական խոսակցությունն այն է, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, և մարդիկ վերադառնան ավելի խաղաղ առօրյայի»։
Հատկանշական է, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում վերջին ամիսներին նման հարձակումներից հետո տեղացիներն ավելի հաճախ են խուսափում հրապարակային մեկնաբանություններից։