
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի առջև՝ պահանջելով ազատ արձակել արցախցի Արթուր Օսիպյանին։
Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը: Նրա փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Օսիպյանը բողոքի ծայրահեղ միջոցը չի դադարեցնի, մինչև «իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի»:
Արցախցի Արթուր Օսիպյանը թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:
Վարչապետը, սակայն, չի պատրաստվում ներողություն խնդրել արցախցի Արթուր Օսիպյանից. «Նա պիտի ներողություն խնդրի ու իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները: Գիտեք՝ մենք չգիտե՞նք նրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին, թվում է, որ մենք տենց միամի՞տ ենք», – ասել էր Փաշինյանը:
Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի են որակում ու պնդում, որ դա քաղաքական է: