ՀՀ-ն պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանվող ձկան և ձկնամթերքի սերտիֆիկացումը․ «Ռոսսելխոզնադզոր»

Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը հայկական բոլոր ընկերությունների համար՝ բացառությամբ ստուգում անցած երկու կազմակերպությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ 2026 թվականի մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի ձկնավերամշակող ձեռնարկություններում, ինչպես նաև այցելել են իշխան և այլ ձկնատեսակների պահման ու բուծման տնտեսություններ։

Միաժամանակ նշվում է, որ ձեռնարկությունների մոտ 50 տոկոսը հրաժարվել է ստուգում անցնելուց։

Նշվում է նաև, որ ստուգում անցած երկու գործարանների արտադրանքը կկարողանա ներմուծվել Ռուսաստան միայն անվտանգության ցուցանիշների լաբորատոր մշտադիտարկման պայմանով։

Leave a Comment