Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի կոչին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առաջնորդների՝ Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։

Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիությանը անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։

«Այսօր այդ ընտրությունը տեսական է, և տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը այնքան էլ խելամիտ, ճիշտ և հիմնավորված չէ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՏՄ շրջանակում և կշարունակի այդ աշխատանքը մինչև այն պահը, երբ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը դառնա անխուսափելի։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են փոխակերպման փուլում, որը նա գնահատել է դրական։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններն «անկեղծ և բաց» են, և կողմերը նոր պայմաններում ձևավորում են նոր հարաբերություններ։

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։

Leave a Comment